Այս փուլում դատական իշխանությունը վեթինգի ենթարկելով՝ գուցեև հասնենք փոփոխության, բայց դա կարող է չլինել անշրջելի. Արման Բաբաջանյան
07:57 - 25 մայիսի, 2019

Այս փուլում դատական իշխանությունը վեթինգի ենթարկելով՝ գուցեև հասնենք փոփոխության, բայց դա կարող է չլինել անշրջելի. Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱրմաՆ Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր առավել կարևոր է, որպեսզի վեթինգի, և ավելի լայն համատեքստում անցումային արդարադատության մասին հայտարարությունները ուղեկցվեն այդ գործիքը օգտագործելու որպես ներհասարակական համերաշխության հասնելու բացառիկ հնարավորության մասին։

Բայցև միշտ հիշենք՝ այդպիսի փոփոխությունների ինստիտուցիոնալ առավել մեծ համատեքստը քաղաքական համակարգի փոփոխության մասին է։

Մենք չենք կարող հույս ունենալ, որ հին քաղաքական համակարգում վեթինգի կամ միայն վեթինգի միջոցով կարող ենք հասնել ներհասարակական կայուն համերաշխության։

Առանձին վերցրած դատական համակարգում կարող են սկսվել առողջացման գործընթացներ, բայց դրան անպատրաստ քաղաքական համակարգը միշտ դիմադրելու է այդպիսի փոփոխություններին և տորպեդահարելու է մյուսների փոփոխության շանսն ու հնարավորությունը։

Քանի դեռ կուսակցությունները Հայաստանում բացառապես քաղաքական գաղափարախոսությունները չեն դիտարկում որպես առաջնային և միակ մրցակցային իրողություն, քանի դեռ կուսակցությունները մեզանում մեծապես մեկ անձի և տնտեսության մեջ նրա ունեցած ազդեցության չափի ու ծավալի մասին է և ոչ թե գաղափարի ու գաղափարների մրցակցության, մենք չենք կարող հասնել ներհասարակական տևական համերաշխ գոյության։

Այս փուլում դատական իշխանությունը վեթինգի ենթարկելով գուցեև հասնենք փոփոխության, բայց դա կարող է չլինել անշրջելի։

Այսպիսի փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է հասնել ոչ միայն և գուցե ոչ այնքան քաղաքական և ինստիտուցիոնալ փոփոխությունների, որքան քաղաքական և գաղափարական մտքի անհրաժեշտ վերափոխման»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել