Անահիտ Ֆարմանյանի երաշխավոր պատգամավորները ՀՔԾ-ում բացատրություն են տվել. քրգործի հարուցումը մերժվել է |armtimes.com|
12:46 - 27 նոյեմբերի, 2019

Անահիտ Ֆարմանյանի երաշխավոր պատգամավորները ՀՔԾ-ում բացատրություն են տվել. քրգործի հարուցումը մերժվել է |armtimes.com|

armtimes.com: Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի անձնական երաշխավորությունը ստանձնած ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը Հատուկ քննչական ծառայությունում բացատրություն են տվել: «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ խնդրելով դիմել Հատուկ քննչական ծառայությանը: Էդմոն Մարուքյանը եւս մեր զրույցում նշեց, որ ինքը հրավիրվել է ՀՔԾ՝ բացատրության: Մեր հարցին, թե մինչեւ երբ են իրենք կապի մեջ եղել Անահիտ Ֆարմանյանի հետ, Մարուքյանը պատասխանեց. «Մենք կապի մեջ չենք եղել, իմացել ենք, որ նա մասնակցում է քննչական բոլոր գործողություններին մինչեւ այն պահը, երբ ՀՔԾ-ն մեզ գրավոր տեղեկացրել է, որ նա խուսափում է քննությունից»:

Հարցին, թե դրանից հետո իրենք անձամբ միջոցներ ձեռնարկե՞լ են՝ Ֆարմանյանի հետ կապ հաստատելու համար, Մարուքյանը դրական պատասխան տվեց. «Այո՛, եղբորն ենք հանդիպել, ասել ենք, որ եթե քույրը չներկայանա, նրան կկալանավորեն, նա էլ ասել է, որ տեղեկություն չունի, եւ բացի այդ, կարծում է, որ քաղաքական հետապնդման են ենթարկվում ե՛ւ ինքը, ե՛ւ իր քույրը, ե՛ւ իրենց ընտանիքը»: Հարցին՝ արդյոք սա կարո՞ղ է վատ նախադեպ դառնալ պատգամավորների կողմից երաշխավորություն ներկայացնելու դեպքերում, Մարուքյանը պատասխանեց. «Գիտեք, ես միշտ դժվարությամբ եմ երաշխավորություն տվել, եւ սա նախադեպ է, որի արդյունքում ես այլեւս ոչ մեկին երաշխավորություն չեմ տալու: Որովհետեւ պատգամավորը որեւէ ազդեցություն չունի այդ մարդուն թույլ տալ-չտալու, ներկայացնել, թե ոչ, պետք է նախաքննության մարմինը նրա անձնագիրը վերցնի, սեկտը փակի, այսինքն՝ երբ պատգամավորը ասում է, որ երաշխավորում է, որ նա կներկայանա, երաշխավորում է, որ նրան չկալանավորեն, բայց չի երաշխավորում, որ այդ մարդուն թողնեն երկրից գնալ: Այդ մարդը երկրից գնացել է, մեզ ասում են՝ բա գնացել է: Է՜, չթողնեիք՝ գնար: Այսինքն՝ այստեղ օրենսդրական խնդիր կա»:

Մարուքյանն ընդգծեց, որ ինքը հազվագյուտ դեպքերում է երաշխավորություն ներկայացնում, եւ այս պարագայում հաշվի է առել իրեն դիմողի պատգամավոր կարգավիճակը (խոսքը Սամվել Ֆարմանյանի մասին է,-խմբ.), ինչպես նաեւ այն հանգամանքը, որ նրա քույրը մտավորական է եւ թոռատեր կին. «Երաշխավորել եք, որպեսզի կալանքի տակ չմնա եւ մասնակցի քննությանը, եւ մեկ տարի մասնակցել է, հետո արդեն սկսել է խուսափել՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է: Մենք արդեն այդ դաշտ չենք մտնում, նախաքննության մարմինը թող պարզի»,- ասաց նա: Մեր հարցին ի պատասխան՝ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ պատգամավորների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու փաստով, որի հետեւանքով մեղադրյալը խուսափել է քննությունից, նյութեր են նախապատրաստվել, որոնց հիման վրա որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Հիշեցնենք՝ Անահիտ Ֆարմանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում նա խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին, իսկ նրա անձնական երաշխավորությունն ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ հոկտեմբերի 31-ին Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և նոյեմբերի 1-ին ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ա. Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, ինչը նոյեմբերի 2-ին բավարարվել էր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել