tert.am: Անանուն տեղեկություն տրամադրելը կամ անանուն մնալը համարվում է մարդու իրավունքներից մեկը, նույնիսկ կան մշակված միջազգային չափանիշներ և ուղեցույցներ, որոնք ապահովում են առցանց անանուն մնալու իրավունքը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հատնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի`ԱԱԾ-ին տրված հանձնարարությանը՝ կապված մանիպուլյացիաներ անող «ֆեյքերին» կոշտ հակահարված տալու հետ։

Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ այլ խնդիր է, եթե անանուն կերպով տարածված տեղեկությունները պարունակում է բռնության, հանցագործության կոչ։ Նրա կարծիքով՝ բռնություն, հանցագործություն, սպառնալիք պարունակող առանձին դեպքերը պետք է քննեն համապատասխան մարմինները։

«Իհարկե, ծանոթ եմ բոլոր հանրային քննարկումներին, հասկանում եմ բոլոր մտահոգությունները, այս հարցը մեր անմիջական ուշադրության ներքո է, ավելին՝ առանձնակի ուշադրությամբ հետևելու ենք այս հարցին։ Մենք նույնպես ունենում ենք դեպքեր, քանի որ դիտարկումները ցույց են տվել, որ ատելության խոսքը, բռնության կոչերը, վիրավորանք ու սպառնալիք տարածում են հիմնականում կեղծ օգտատերերը։ Երբ նման դեպքեր են լինում, մենք դրանք միշտ ուղարկում ենք ոստիկանություն կամ դատախազություն՝ քրեական հետապնդում սկսելու առաջարկով, սակայն սա էլ արդյունավետ չէ, քանի որ ֆեյսբուքյան սոցիալական ցանցից հայտնաբերելու մեխանիզմներն էլ այդքան արդյունավետ չեն»,- շարունակեց Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ը, խոսելով բուն հանձնարարականի մասին, հիշեցրեց, որ ԱԱԾ-ն փակ կառույց է, և այս հարցում այս կառույցի ներգրավվածություն այդքան էլ ողջունելի չէ։

«Կան հատկանիշեր, որ կարող է վնասել խոսքի ազատությունը, այդ պատճառով ամեն դեպքով պետք է յուրաքանչյուր իրավասու մարմին զբաղվի։ Կիսում եմ իրավապաշտպան գործընկներիս կարծիքը, որ խոսքի ազատությունը պետք է լինի ամուր պաշտպանված»,- եզրափակեց Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ԱԱԾ-ին հանձնարություն էր տվել՝ կապված մանիպուլյացիաներ անող «ֆեյքերին» կոշտ հակահարված տալու հետ։

«Հուսով եմ՝ ԱԱԾ-ն կկարողանա ապահովել արդյունքներ, և մանիպուլյացիաներ անող ֆեյքերը կոշտ հակահարվածներ կստանան»,- ասել էր վարչապետը։

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել էր, որ «ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, ավելին, եթե գրառումների մեջ չլինի հանցակազմ, այդտեղ իրավապահները որևէ բան անելու առիթ չեն ունենա։