ermenihaber.am Անկարայում կայացել է Թուրքիայի և Բելառուսի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը։ Ինչպես հայտնի էր, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել էր Անկարա։  
Սա  23 տարվա մեջ Լուկաշենկոյի առաջին պաշտոնական այցն է Թուրքիա։

Էրդողանն ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ 2 երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի կզարգանան: Թուրքիայի նախագահը առանձնացրել է տնտեսական համագործակցությունը, մասնավորապես կապի, տրանսպորտի և ՏՏ ոլորտներում: Տեղեկացրել է, որ կողմերը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 1.5 միլիարդ դոլարի: Ըստ Էրդողանի՝ երկուստեք խրախուսվելու են գործարար ներդրումները:

Ուշագրավ է այն, որ Էրդողանը Լուկաշենկոյին շնորհակալություն է հայտնել գյուլենական համայնքի դեմ պայքարում աջակցելու համար: Հիշյալ կառույցը Թուրքիայում համարվում է ահաբեկչական:
Նշվում է, որ հանդիպման շրջանակներում Թուրքիայի և Բելառուսի միջև 6 պայմանագիր է ստորագրվել, որոնցից մեկը վերաբերում է ռազմարդյունաբերական համագործակցությանը: