Աննա Հակոբյանը Վիետնամի վարչապետի տիկնոջը հրավիրել է Հայաստան |armenpress.am|
12:37 - 05 հուլիսի, 2019

Աննա Հակոբյանը Վիետնամի վարչապետի տիկնոջը հրավիրել է Հայաստան |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգույետ Թուին։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում: Ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն է, որը լսելուց հետ անհնար է զգալ չարություն կամ զայրույթ։

‹‹Շատ կարևոր է Ձեր այցը, և այն կարող է խթան հանդիսանալ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Ես գիտեմ, որ Հայաստանը դարավոր պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն ունի։ Եվ յուրաքանչյուր տարի Հայաստանն ունենում է զբոսաշրջիկների մեծ հոսք։ Ես հույս ունեմ, որ կկարողանամ այցելել Ձեր պատմական երկիրը››,- ասել է Թրան Նգյուետ Թուն։

‹‹Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Ձեր երկիրը հիասքանչ է, և ես իսկապես սիրահարվել եմ Ձեր քաղաքին։ Այն շատ գեղեցիկ է և շատ հարմարավետ։ Ես հիացած եմ Ձեր ժողովրդի հյուրընկալությունից։ Ես հույս ունեմ, որ Դուք և Ձեր ամուսինը ժամանակ կգտնեք և կայցելեք մեր երկիր։

Ես ձեզ հրավիրում եմ Հայաստան և վստահ եմ, որ ինչպես ես սիրեցի Ձեր երկիրը, Դուք էլ կսիրեք Հայաստանը››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ փոխադարձ այցելությունները կնպաստեն ինչպես ընտանիքների, այնպես էլ երկու ժողովուրդների և պետությունների միջև բարեկամությանը։

Ի պատասխան Թրան Նգյուետ Թուն շեշտել է, որ Հայաստանն ու Վիետնամն ունեն դարավոր բարեկամություն, և այսօր էլ պետք է ջանքեր գործադրել այդ հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ։ ‹‹Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որ Հայաստանը ցուցաբերել է Վիետնամին ինչպես անկախություն ձեռք բերելու տարիներին, այնպես էլ հետագայում››,- ասել է Վիետնամի վարչապետի տիկինը։ Հանդիպմանը զրուցակիցները խոսել են կանանց դերի կարևորության և խաղաղության պահպանման մասին։

Աննա Հակոբյանը պատմել է Արցախի պատմության և Արցախի հիմնախնդրի մասին։ Այդ համատեքստում նա ներկայացրել է իր նախաձեռնած ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավը՝ շեշտելով, որ արշավի նպատակը մեկն է՝ կանանց, մայրերի, քույրերի շնորհիվ բարձրացնել խաղաղության պահպանման հարցն ու կոչ անել հակամարտությունները լուծել ոչ թե զենքի, այլ խաղաղ ճանապարհով։ Թրան Նգյուետ Թուն ողջունել է նախաձեռնությունը՝ հավելելով, որ խաղաղությունը բացառիկ արժեք է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել