news.am: Բյուջետային գործընթացն այնպիսին է, որ դեռեւս նախորդ տարվա օգոստոսին բյուջեի նախագիծը պատրաստ էր եւ հետեւաբար, անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր նախատեսել գազի սակագնի փոփոխությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, « Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով քննարկումն սկսելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով գարնանից գազի սակագնի հնարավոր փոփոխությանը:

«Բայց հարցի մյուս կողմն էլ կա. գիտեք, որ բյուջետային գործընթացը բավարար չափով ճկունություն է տալիս կառավարությանը՝ անհրաժեշտության դեպքում, եթե հանկարծ տարվա ընթացքում կարիք լինի որեւէ արտաքին ազդակի ազդեցությունը մեղմելու: Կառավարությունը ունի բավարար չափով գործիքներ եւ վերջին գործիքը ԱԺ-ում օրենքի փոփոխություն առաջարկելն է: Դրա անհրաժեշտությունը համենայնդեպս հիմա չի կանխատեսվում»,-ասաց նախարարը: