Անուղղակի հարկերի պատճառով մարդկանց սոցիալական վիճակն եք վատթարացնելու. Մանե Թանդիլյան
11:51 - 07 հունիսի, 2019

Անուղղակի հարկերի պատճառով մարդկանց սոցիալական վիճակն եք վատթարացնելու. Մանե Թանդիլյան

tert.am: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, մինչ հարցին անդրադառնալը, նկատեց, որ անուղղակի պատճառով տանելով ակնհայտորեն մարդկանց սոցիալական վիճակն են վատթարացնելու։

Այնուհետև դիմելով հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարար տեղակալ Արման Պողոսյանին, նշեց․ «Բյուջե չհավաքագրվող հարկերի մասին, որոնք տեղի են ունենալու այս փոփոխությունից հետո, Դուք Ձեր խոսքում ասացիք, որ «բնականաբար այդ պակասող մասը պետք է հարկվի անուղղակի հարկերից»։ Այդ «բնականաբար»–ի վերաբերմունքն ինձ համար անհասկանալի է, որովհետև նաև պետք է նշենք, որ հարկման արդարացիությունը պետք է գա հարստությունը հարկելու գաղափարից»,-ասաց նա։

Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ անցյալ տարի քննարկում էին գույքահարկի դրույքաչափը փոխելու հարցը, որի արդյունքում կարող էին արդարացիորեն հարկել հարստությունը։ «Բայց անցել է մեկ տարի, և որևէ փոփոխություն չեմ տեսնում, և անուղղակի հարկեր տանելով ակնհայտորեն մարդկանց սոցիալական վիճակն եք վատթարացնելու, որոնց եկամուտը չի ավելանում այս փոփոխության արդյունքում։ Գույքահարկի բազայի հաշվարկի փոփոխություն արդյոք դիտարկո՞ւմ եք, հարստությունը հարկելու մոտեցումները դեռ կա՞ն, նաև շքեղությունը հարկումը, շքեղ մեքենայի, անհասկանալի ծագման շքեղ գույքի, այս մասով քննարկում իրականացվո՞ւմ է»,-հարցրեց նա։

Փոխնախարարն ասաց, որ «բնական է» համարում ակցիզային հարկի ավելացումը, որովհետև աշխարհն է գնում այդ ճանապարհով։ «Պարզ չէ՝ ինչու մենք չպետք է գնանք այդ ճանապարհով, երբ մեր երկրում անհամադրելի ցածր է ակցիզային հարկը»,- ասաց նա և նշեց, թե կառավարությունը գտնում է, որ այստեղ կա հարկային եկամուտների ներուժ և ճանապարհ, որը չի հանգեցնի աղքատացման խորացման, բայց լրացուցիչ եկամուտների հավաքագրման խնդիր կդնի։

«Բայց, այո՛, համաձայն եմ, թիրախում ունեցվածքի կամ հարստության հարկումն է, և արդարության սկզբունքի վերականգնումը, և՛ եկամուտների վերաբաշխման խնդրի լուծումը, և՛ լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրումը»,- ասաց նա։

Արման Պողոսյանը նաև նշեց, որ գույքահարկի բազային հաշվարկի փոփոխության քննարկումներ ոչ միայն եղել են, այլև արդեն ամեն ինչ գործնական դաշտ է մտել և այս պահին զեկուցվում է երկու նախագիծ։ Նա նաև նշեց, որ երբ կքննարկվի կադաստրային հաշվարկների մեթոդաբանությունը, դրանից հետո կքննարկվի նաև հարկում իրականացնել ոչ թե կադաստրային, այլ արդեն շուկայական արժեքով։ «Նախատեսվում է ամսվա վերջ օրենքի նախագիծը ներկայացնել խորհրդարանի դատին»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել