Անչափահաս երեխաների հետ Արսեն Բաբայանի շփումն արգելելը ՀՔԾ պետը համարեց թյուրիմացություն |aysor.am|
08:25 - 30 հոկտեմբերի, 2019

Անչափահաս երեխաների հետ Արսեն Բաբայանի շփումն արգելելը ՀՔԾ պետը համարեց թյուրիմացություն |aysor.am|

aysor.am։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

«Նաև, հենց այդ նկատառումներով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա», - ասաց նա։

Դիտարկմանը, թե ինչպես է ստացվում, որ պատգամավորը կարող է տեսակցել Նաիրի Հունանյանին, սակայն մեկ այլ պատգամավոր չի կարող տեսակցել Արսեն Բաբայանին, ՀՔԾ պետն արձագանքեց. «Նրանց կարգավիճակները տարբեր են: Նաիրի Հունանյանը պատիժ է կրում, դատապարտված է: Տվյալ դեպքում, Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված է խափանաման միջոց կալանք, այսինքն՝ կալանավորումը ընտրվում է այն նկատառումներով, որ բացառվի նաև նրա շփումը այլ անձանց հետ»։

Հարցին՝ անչափահաս երեխաների հետ հանդիպումն ինչո՞վ է գործին խանգարելու, Սասուն Խաչատրյանն ասաց, թե տեղեկատվություն չունի, որ անչափահաս երեխաների հետ նրա շփումն արգելվել է։

«Եթե նման թյուրիմացություն եղել է, իհարկե, կշտկվի», - ասաց նա։

Հարցին՝ եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական ներկայացրած լիներ, Արսեն Բաբայանի նկատմամբ գործ կհարուցվե՞ր, ՀՔԾ պետը պատասխանեց. «Հրաժարական տալ-չտալը քրեական գործի համար որևէ նշանակություն չունի ու կրկին ասում եմ, որ ՀՔԾ-ն քաղաքականությամբ չի զբաղվում»։

Դիտարկմանը, թե Բաբայանը ձերբակալվել է համաներման ակտի տակ գտնվող հոդվածով ու չէր կարող ազատազրկվել, Սասուն Խաչատրյանն ասաց, որ համաներման կիրառման համար պետք են մի շարք նախապայմաններ։

«Դրանցից ամենակարևորն անձի համաձայնությունն է, որ իր նկատմամբ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացվի, տվյալ դեպքում, Արսեն Բաբայանը նման ցանկություն չի հայտնել», - ասաց Սասուն Խաչատրյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել