Անցումային արդարադատություն․ Ճշմարտություն որոնող հանձնաժողովներ։  (Մաս 3) #FreeZone
08:09 - 14 մայիսի, 2019

Անցումային արդարադատություն․ Ճշմարտություն որոնող հանձնաժողովներ։ (Մաս 3) #FreeZone

Կարդալ նաև՝
մաս I ․ Անցումային արդարադատություն․ Էությունը

մաս II․ Անցումային արդարադատություն․
Խաղաղությունն ընդդեմ արդարադատության

Անցումային արդարադատության ոչ իրավական մեխանիզմներից առավել կարևոր են ճշմարտության հանձնաժողովները/ՃՀ/։ Նման հանձնաժողովներ ստեղծվեցին Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և այլուր։ Դրանք ունեին տարբեր անվանումներ, բայց բոլորին հատուկ էր հետևյալ հատկանիշները։ Դրանք գործ ունեին անցյալի հետ, ուսումնասիրում էին անցյալի չարաշահումների օրինաչափությունները և ոչ թե առանձին գործեր, գործում էին մինչև երկու տարի և ներկայացնում իրենց եզրակացությունների հաշվետվությունները, սովորաբար ունեին պետության կողմից տրված պաշտոնական կարգավիճակ։¹

Ճշմարտության հանձնաժողովները նպատակ են հետապնդում վեր հանել անցյալում կատարված չարաշահումները, պարզել դրանց պատճառները և նպաստող գործոնները, օգնել զոհերին, նշել ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտությունը, հանրային հաշտեցման մոտեցումները և այլն։

Առաջին նպատակը փաստահավաք գործունեությունն է, որի միջոցով ճշգրիտ արձանագրվում է երկրի անցյալը, հստակեցվում է անորոշ իրադարձությունները և բարձրացվում է լռության և մերժման քողը անցյալի պատմության վիճահարույց և ցավալի ժամանակաշրջանից։

Երկրորդ, ճշմարտության հանձնաժողովները հաճախ ունեն լսումների առանձին եւ հստակ նպատակ՝ հարգելով և բավարարելով զոհերի և վերապրածների կարիքները։ Սա է դատավարության և ՃՀ-ի հիմնարար տարբերությունը։

Երրորդ, բացի փաստերն արձանագրելուց և զոհերի վրա կենտրոնանալուց, ՃՀ կարող է ուղղորդել օգնելու անպատժելիության վերացմանը և,որպես կանոն, տալ հստակ առաջարկներ քրեական պատասպանատվության առաջխաղացման համար։

Չորրորդ, ՃՀ լավ դիրքորոշում ունեն գնահատելու չարաշահումների համար ինստիտուցիոնալ պատասխանատվությունը և ընդգծում են բարեփոխումները՝ ապագա չարաշահումները կանխելու նպատակով։

Հինգերրորդ, ճշմարտության հանձնաժողովներին կարող է տրվել «հաշտեցման առաջխաղացման» մանդատ և նրանք հաճախ ճիգ են գործադրում,թե ինչպես դա իրականացնել։²

Առաջին նման հանձաժողովը ստեղծվել է Արգենտինայում 1983թ․՝ զինվորական խունտայի տապալումից հետո։ Հանձնաժողովը վեր հանեց խունտայի կատարած վայրագութունները՝ 1976- 1983թ․թ․։ Տեռորի, տանջանքի, առևանգման հետևանքով երեսուն հազար մարդ անհետ կորել էին։³

Հանձնաժովը հավաքեց և ամփոփեց ստացված տվյալները, որի արդյունքում զինվորական խունտայի նախկին անդամները ենթարկվեցին քրեական պատասխանատվության։

1990թ․և 1992թ․ ստեղծվեցին ՃՀ Չիլիում և Սան Սալվադորում, իսկ հետագայում բազմաթիվ այլ երկրներում, բոլոր մայրցամաքներում։ Դրանց մեջ բացառիկ է Հարավային Աֆրիկայում ստեղծված ՃՀ, որին կանրադառնանք ավելի մանրամասն։

Ռասսայականության խտրականության վրա հիմնված Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը անցումային արդարադատությանն անցավ 1990թ․թ․, երբ Նելսոն Մանդելան ազատ արձակվեց 27 տարվա բանտարկությունից hետո և ընտրվեց նախագահ։

Երբ մշակվում էր անցումային Սահմանադրությունը, նախկին իշխանության ներկայացուցիչները պնդեցին քաղաքական նպատակներով նախկինում կատարված հանցագործությունների համար ընդհանուր համաներման մասին, որն էլ իր արտացոլումը գտավ ժամանակավոր Սահմանադրությունում և իր կնիքը թողեց ՃՀ աշխատանքների վրա։

1995թ․ ստեղծվեց Ճշմարտության հաստատման և հաշտեցման հանձնաժողովը։ Այն բաղկացած էր երեք կոմիտեներից․

  • Մարդու իրավունքների չարաշահումների կոմիտեն քննելու էր մարդու իրավունքների չարաշահահումները, որոնք տեղի էին ունեցել 1960 – 1994թ․թ․ ընթացքում։
  • Փողհատուցման և վերականգման կոմիտեն իրավասու էր տուժողների արժանապատվության վերականգման և փոխհատուցման առաջարկների համար։
  • Համաներման կոմիտեն զբաղվում էր համաներման խնդրանքների քննարկմամբ՝ իր մանդատի շրջանակներում։

1996թ․ապրիլի 15-ին ՃՀ նախագահ, Հարավային Աֆրիկայի Անգլիկան եկեղեցու ղեկավար, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դեսմոնդ Տուտուն ներկաներին դիմեց հետևալ խոսքերով՝ «Մեզ հանձնարարված է բացահայտել ճշմարտությունը մեր մութ անցյալի մասին և այդ անցյալի ուրվականներին թողնել հանգստանալու, որպեսզի նրանք այլևս չվերադառնան հետապնդելու մեզ, եւ մենք այդպիսով կնպաստենք տուժածների եւ վիրավորների ապաքինմանը, քանի որ բոլորս Հարավային Աֆրիկայում վիրավոր մարդիկ ենք»:⁴

ՉՀ հսկայածավալ աշխատանք կատարեց։ Հանձնաժողովը Մարդու իրավունքների կոպիտ խախտումներ համարեց սպանությունը, առևանգումը, տանջանքը և դաժան վերաբերմունքը։ Ընդ որում, դա վերաբերում էր բոլոր մասնակիցներին։ Այդ խախտումնեը պետք է քաղաքական մոտիվներով կատարված լինեին։ Հանձնաժողովը առաջ քաշեց կոպիտ խախտումների հետ կապված խախտումներ հասկացությունը, որը առանձին չէր դիտարկվում մարդու իրավունքների կոպիտ խախտում, բայց անհրաժեշտ էր խախտման ենթատեքստը ճիշտ հասկանալու համար/օրինակ, կալանքը, ոտնձգությունը և այլն/։

Փաստահավաք լսումները ունեին իրենց արարողակարգը։ Նախագահողի բացման խոսքից առաջ ներկաները աղոթում էին, վառում էին հիշողության մոմեր, երգում օրհներգը, իսկ հաճախ էլ հանձնաժողովի համար գրված հատուկ երգը։

Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի անդամները մասնակցում էին արտաշիրման և վերաթաղման աշխատանքներին։ 1998-ին տպագրված ճՀ- ի զեկույցից երևում է, որ ցուցմունք են տվել ավելի քան 22,000 զոհեր եւ վկաներ: Ավելի քան 2000 անձ ցուցմունք են տվել հրապարակային լսումների ժամանակ:⁵

Փոխհատուցումներ էին դիտվում հատուցման ցանկացած ձև, ռեստիտուցիան, ռեաբիտիլացիան և ճանաչումը։ Փոխհատուցումը և ռեաբիտիլացիան ներառում էին հետևյալ տարրերը՝

ա․ հրատապ ժամանակավոր փոխհատուցում,
բ․անհատական գրանտներ,
գ․խորհրդանշային/իրավական և վարչական միջոցներ,
դ․համայնքային ռեաբիտիլացիայի ծրագրեր։

Փողհատուցումների ստացման իրավունք ունեին տուժողի ծնողները, ամուսինները, երեխաները, ինչպես նաև նրա խնամքին գտնված անձը։⁶

Փոխհատուցման մասով հանձնաժողովի որո-շումների մի մասը չընդունվեց։ Կառավարության որոշմամբ գրանցված յուրաքանչուր ոք ստանում էր որոշակի փոխհատուցում։ 47 ընտանիքներ ստացան գումարներ՝ իրենց անհետ կորած հարազատների դիակները վերաթաղելու համար։⁷

Համաներման կոմիտեն քննում էր համաներման մասին խնդրանքները։ Համաներման համար պետք է դիմեին ինչպես անվտանգության ուժերի ներկայացուցիչները, այնպես էլ դրանց դեմ պայքարողները։ Վերջիններս դժգոհ էին, քանի որ ռասսայական խտրականության դեմ պայքարը դիտարկվում էր ճիշտ, ուստի դրա համար պայքարողների համար համաներման անհրաժեշտություն չկար։ Սակայն այս տեսակետը մերժվեց։

Համաներում տրվում էր 1960թ․ մարտի մեկից մինչև 1994թ․մայիսի տասը կատարված հանցագործությունների կատարման համար։ Համաներման բանաձևը պարզ էր։ Դիմողը պարտավոր էր ամողջությամբ բացահայտել կատարածը և ցույց տար, որ այն կատարվել է քաղաքական մոտիվներով ։ Եթե համաներումը շնորհվում էր, հանցագործը ազատվում էր և քրեական և քաղաքացիական պատասխանատվությունից։ Համաներման կոմիտեն իր աշխատանքները պետք է ավարտեր մեկ տարում, սակայն վերջնական ժամկետը երեք անգամ հետաձգվեց և այն ավարտեց իր գործունեությունը 2001թ․ դեկտեմբերին։

Համաներման կոմիտեն 7112 դիմումատուից համաներում շնորհեց 849 -ին, մնացածը մերժվեց։ Դրանցից 3115-ը մերժվեց՝ հանցագործության կատարման մեջ քաղաքական մոտիվի բացակայության հիմքով։⁸

Համաներման որոշումները դժգոհություն առաջացրին հասարակության մեջ։ Համաներում ստացածների մեջ էր Դըրկ Կուտցին/ Dirk Coetzee/, որը սպանել էր ռասսայական խտրականության դեմ պայքարող մարտիկներց մեկին՝ կենդանի այրելով։ Այդ ընթացքում ինքը և իր մարդիկ գարեջուր էին խմում։ Հանձնաժողովի ամբողջ աշխատանքի հիմքում դրված էր ներելու ունակությունը, որը կարող էր բերել հաշտեցման։

Ըստ Դ․ Տուտուի, «Ներելը մոռանալ չէ, իրականում դա հիշողություն է` հիշողություն, այլ ոչ թե ի պատասխան հարվածելու ձեր իրավունքի օգտագործում։ Սա նոր սկզբի երկրորդ հնարավորությունն է։ Եվ հիշողությունը հատկապես կարևոր է։ Առավել ևս, եթե դուք չեք ուզում կրկնել այն, ինչ տեղի է ունեցել»։⁹

 

1. Hayner, P., 2001, Unspeakable Truths: Facing the Challenges of Truth Commissions, London, 11,
2. Hayner, P., 2001, Unspeakable Truths: Facing the Challenges of Truth Commissions, London, 22,23,
3. https://www.ictj.org/our-work/regions-and-countries/argentina
4. Meredith, M., Coming to Terms: South Africa's Search for Truth, New York: Public Affairs, 1999, 3,
5. https://www.ictj.org/our-work/regions-and-countries/south-africa,
6. մանրամասն տես՝ http://justice.gov.za/Trc/report/finalreport/Volume5.pdf, 173-195,
7. https://www.ictj.org/our-work/regions-and-countries/south-africa,
8. https://en.wikipedia.org/wiki/Truth_and_Reconciliation_Commission_(South_Africa)#Number,
9. https://www.goodreads.com/author/quotes/5943.Desmond_Tutu:

Գեղամ Ներսիսյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱՄՆ, Նյու-Յորք


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել