Աշխատանքներ են տարվում, որ ԵՏՄ-ում գնանշումներն ազգային արժույթով արվեն. Ջավադյան |lragir.am|
08:53 - 19 հունիսի, 2019

Աշխատանքներ են տարվում, որ ԵՏՄ-ում գնանշումներն ազգային արժույթով արվեն. Ջավադյան |lragir.am|

lragir.am: Աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որպեսզի ԵՏՄ շրջանակներում ոչ միայն երկրները հնարավորություն ունենան ազգային արժույթով վճարելու ռազմավարական նշանակության ապրանքների դիմաց, այլ նաև որպեսզի գնանշումները կատարվեն ազգային արժույթով: Այս մասին Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«ԵՏՄ շրջանակներում այդպիսի հարթակ արդեն իսկ փորձում ենք ստեղծել: Հարթակները կարող են լինել երկուսը՝ մեկը կարող է լինել միջպետական բանկը, որի անդամ են ԵՏՄ անդամ բոլոր երկրները: Երկրորդ, առաջարկություն ենք ստացել նաև Եվրասիական բանկի կողմից:

Եվ կան այլ բազմաթիվ հնարավորություններ: Այս պահին բավական լուրջ խումբ է ինտենսիվ աշխատում այդ շրջանակում: Խոսքը ոչ միայն վճարումները կատարելու, այլ նաև գնանշումերը ազգային արժույթներով կատարելու մասին է: Մեր առաջարկությունը եղել է դեռևս մոտ 8 տարի առաջ, ես անձամբ եմ այդ առաջարկությունն արել, որ ստրատեգիական ապրանքների գծով գնանշումները, ինչպիսիք են գազը, ցորենը և այլն, իրականացվի ազգային արժույթով: Դա ավելի կարևոր է, քան թե եթե փոխանցումները կատարվեն»,- ասաց նա:

Ըստ Ջավադյանի՝ ազգային արժույթով փոխանցումներն այսօր էլ պատրաստ են գործի դնել: Ռուսաստանն ասում է՝ գազի դիմաց կարող եք փոխանցել, օրինակ, ռուսական ռուբլիով: «Բայց դա նշանակում է ավելորդ ծախս, եթե հաշվարկները գնում են ոչ ռուսական ռուբլով, այլ ԱՄՆ դոլարով, իմաստը կորում է այդ դեպքում նման փոխանցում անելու: Հիմա այդպիսի հարթակներ բացվում են, շատ շուտով այդ հնարավորությունը կունենանք»,- հավելեց ԿԲ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել