Ապարանի համայնքապետարանում հայտնաբերվել են մի շարք թերացումներ և խախտումներ․ՊՎԾ
14:37 - 19 նոյեմբերի, 2019

Ապարանի համայնքապետարանում հայտնաբերվել են մի շարք թերացումներ և խախտումներ․ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի կողմից 2016-2019 թվականների ընթացքում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման, տրամադրված սուբսիդիաների և դրամաշնորհների ուսումնասիրության, իրականացված գնման ընթացակարգերի օրինականության և արդյունավետության մշտադիտարկման արդյունքում հայտմաբերել է մի շարք թերացումներ և խախտումներ:

Մասնավորապես՝

  • Համայնքապետարանի կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում առերևույթ կեղծ ավագանու որոշումների կիրառմամբ, գնման ընթացակարգում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը հաղթող չի ճանաչվել, իսկ մրցույթը՝ հայտարարվել է անվավեր։ Հետագայում հայտարարված նոր մրցույթի ընթացքում հաղթող է ճանաչվել միակ մասնակից կազմակերպությունը, որը նախորդ մրցույթում ներկայացրել էր ամենաբարձր գնային առաջարկը։
  • Ապարան համայնքի, «Ապարան համայնքի կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի կողմից 2017-2019թթ. ընթացքում բազմաթիվ դեպքերով իրականացվել են մի շարք շինարարական աշխատանքներ խախտելով Հայաստանի Հանրապետությունում գործող պետական գնումների օրենսդրությունը։ Գնման ընթացակարգերը կիսելու միջոցով՝ մեկ անձից գնման եղանակով ձեռք են բերվել ապրանքներ, ծառայություններ, աշխատանքներ։
  • Մի շարք դեպքերում հայտարարված մրցույթներում առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներ ունեցել են ՀՀ պետական բյուջեի նկատմամբ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ժամկետանց հարկային պարտավորություններ, սակայն վերջիններիս հետ կնքվել են պայմանագրեր։
  • 2016-2017 թվականներին Ապարանի քաղաքապետարանում, «Ապարան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ում, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ում առկա չեն եղել հիշյալ ժամանակահատվածի համար հաստատված և հրապարակված գնումների պլանները, սակայն նախաձեռնվել և իրականացվել են գնման ընթացակարգեր։
  • Չի նախաձեռնվել և չի իրականացվել դատական եղանակով հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի գծով առկա ապառքները գանձելու ուղղությամբ որևէ գործողություն (2019 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ կազմել են 340 միլիոն դրամ)։
  • Ապարան համայնքի, «Ապարան համայնքի կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի կողմից բազմաթիվ դեպքերով համայնքի ֆոնդային բյուջեի միջոցները ծախսվել են ընթացիկ աշխատանքների իրականացման նպատակով խախտելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը: 2016-2019թթ. ընթացքում նշված եղանակով իրականացված ծախսերը կազմել են 49,071,2 հազ. դրամ։
  • 2016, 2017 թվականների ցուցանիշներում, 21 համայնքային միավորի մոտ առկա են անհամապատասխանություններ համայնքապետարանում հողի հարկի և գույքահարկի հաշվառման ավտոմատացված ծրագրերում գրանցված տեղեկատվության և «Client Treasury» վճարային ծրագրով մուտքագրված միջոցների միջև։ Նշված տարբերությունները կարող են պայմանավորված լինել առանց ֆինանսական միջոցների գանձման պարտավորությունների նվազեցմամբ՝ առաջացնելով ֆինանսական ռիսկեր հողի հարկի և գույքահարկի հավաքագրման գործընթացում։
  • Արձանագրվել են դեպքեր, երբ մատուցված ծառայությունների համարժեքությունը և արդյունավետությունը վիճարկելի է եղել համայնքապետարանի համար, սակայն կազմակերպությունները դատական ընթացակարգով համայնքի բյուջեից, դատարանի համապատասխան որոշումներով բռնագանձման եղանակով ստացել են նշված գումարները, իսկ համայնքապետարանը և իրավասու պաշտոնատար անձինք չեն ձեռնարկել քայլեր համայնքային շահը պաշտպանելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել