Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել ձայնագրության մասով առաջարկին» |armtimes.com|
17:21 - 08 ապրիլի, 2020

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել ձայնագրության մասով առաջարկին» |armtimes.com|

armtimes.com: Այսօր տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է Սերժ Սարգսյանին ուղարկվելիք պատասխանը: Պատասխանն ուղարկվել է Սարգսյանի գրասենյակին: Մեզ հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում գտնվող Սարգսյանը երեկ գրությամբ դիմել էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ իր պատրաստակամությունը հայտնելով արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո՝ ապրիլի 16-ին, այցելել հանձնաժողով՝ պայմանով, որ իր մասնակցությամբ նիստը ձայնագրվի եւ մեկ օրինակ տրամադրվի իրեն:

Ապահովվելո՞ւ է Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանը, թե՞ ոչ, ի՞նչ հարցեր ունի հանձնաժողովը Սարգսյանին. այս եւ այլ հարցերի շուրջ խոսել է Տիգրան Կարապետյանը։

- Պարո՛ն Կարապետյան, Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե պատրաստ է ապրիլի 16-ին այցելել հանձնաժողով: Հանձնաժողովն արձագանքելո՞ւ է նրա այդ պատրաստակամությանը եւ առաջ քաշած նախապայմանին:

- Հանձնաժողովն այսօր նիստ է անցկացրել, որտեղ քննարկել ենք Սարգսյանին ուղղված պատասխանը, եւ այն ուղարկել նրա գրասենյակ: Կարծում եմ՝ շուտով այդ պատասխանը նաեւ կհրապարակվի, բոլորդ կտեսնեք:

- Սերժ Սարգսյանն իր նամակում նշել էր, որ կներկայանա պայմանով, եթե նիստը ձայնագրվի եւ մեկ օրինակ իրեն տրամադրվի: Դա ապահովվելո՞ւ է:

- Քննիչ հանձնաժողովն ստեղծվել է օրենքի ուժով եւ առաջնորդվելու է բացառապես օրենքով տրված լիազորությունների շրջանակում: Ձայնագրություն տալու-չտալու մասով մեր արձագանքը նրան ուղղված պատասխանի մեջ կա, եւ այդ ամենը բխելու է ՀՀ օրենսդրությունից, այդ թվում՝ գաղտնիության մաս պարունակող տեղեկությունների չտարածելու պայմանից եւ այլն: Մեր օրենսդրությունը հստակ կարգավորում է գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք ունեցողներին եւ այդ ինֆորմացիան օգտագործելու բոլոր չափորոշիչները: Մենք օրենքին հղում ենք արել, եւ պատասխանը բխում է ՀՀ օրենքներից, հետեւաբար հրապարակելուց հետո դուք բոլորդ կտեսնեք այդ մասը: Կարծում եմ՝ սպառիչ պատասխան ենք տվել՝ ձայնագրություն տալու կամ չտալու հետ կապված Սերժ Սարգսյանի գրասենյակի առաջարկներին:

- Ճի՞շտ եմ հասկանում՝ ձայնագրությունը կտրվի, բայց դա չտարածելու եւ չհանրայնացնելու պայմանո՞վ:

- Ձայնագրությունը կտրվի՝ համաձայն ՀՀ օրենսդրության: Եթե օրենքով սահմանված պայմանները կապահովվի, ձայնագրությունը կտրվի:

- Բայց հանձնաժողովի բոլոր նիստերը ձայնագրվում են, չէ՞, անկախ հրավիրված անձի պահանջից կամ առաջարկից:

- Բացառապես բոլոր նիստերը ձայնագրվում են: Բոլոր գործընթացները՝ հանձնսժողով հրավիրված մադկանց հետ հարցազրույց, հարցեր, պատասխաններ, այդ ամբողջը ձայնագրվում է: Մենք այս պահին 100 ժամից ավելի ձայնագրություն ունենք:

- Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ հարցեր ունի հանձնաժողովը Սերժ Սարգսյանին:

- Քանի որ հարցերը պարունակում են հիմնականում պետական, ռազմական գաղտնիք, հարցերի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ այս պահին, իսկ հարցերի տրամաբանությունը կապված է Ապրիլյանին նախորդող, Ապրիլյանի ժամանակ եւ Ապրիլյանին հաջոդող ժամանակաշրջանում կայացված որոշումներին եւ կատարված գործողություններին:

- Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ մինչեւ Սերժ Սարգսյանին հրավիրելը Խաչատուրովից հարցեր կան պարզելու, այն պարագայում, երբ Խաչատուրովը չի ընդունել նիստին մասնակցելու առաջարկը, բաց հարցեր չկա՞ն:

- Իհարկե, այդ ժամանակվա զինված ուժերի գլխավոր շտաբի պետին մենք բազմաթիվ հարցեր ունեինք ուղղելու: Այդ առումով որոշակի խնդիրներ, իհարկե, առաջացնում է Յուրի Խաչատուրովի չգալը, բայց մենք մեր լիազորությունների շրջանակներում փորձում ենք այդ խոչընդոտները հաղթահարել եւ ամբողջական պատկերը ստանալ: Ամեն դեպքում, Յուրի Խաչատուրովի մասով մենք ասել ենք, որ դուռը բաց ենք թողնում եւ դեռեւս ակնկալում ենք, որ նա կգա հանձնաժողով: Հաշվի առնելով, որ իր անձի հետ կապված բազմաթիվ պատմություններ կան, եւ եթե այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, հանձնաժողով գալը կօգնի գեներալին, որը, ինչպես բազմաթիվ անգամ նշվել է, փայլուն մարտական ուղի է անցել, որ նրա վերաբերյալ հնչող ասեկոսեները մենք հերքենք, եթե իրականությանը չեն համապատասխանում:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել