Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ԱԺ հանձնաժողովում կներգրավվեն պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականներ |hetq.am|
12:27 - 16 հուլիսի, 2019

Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ԱԺ հանձնաժողովում կներգրավվեն պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականներ |hetq.am|

hetq.am: 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր աշխատանքային հերթական նիստն է հրավիրել:

Այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Հանձնաժողովի անդամներն այսօրվա նիստում ուսումնասիրել են ապրիլյան պատերազմին առնչվող փաստաթղթերը, որոնք ձեռք են բերել Պաշտպանության նախարարությունից:

«Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերը մանրամասն քննում ենք, իսկ դա շատ կարևոր է, դրա արդյունքից է կախված՝ մենք հետագայում հանձնաժողով հրավիրվող անձանց հետ լավ կաշխատենք, թե չէ: Որպեսզի ճիշտ հարցադրումներով հանդես գանք, պետք է առաջնահերթ քննենք այն տեղեկատվությունը, որն այս պահին հասանելի է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Հանձնաժողովի նախագահը չբացառեց, որ փաստաթղթեր ձեռք կբերեն նաև Ազգային անվտանգության ծառայությունից:

Քոչարյանը վստահեցրեց՝ հանձնաժողովը մասնագիտական առումով խոչընդոտներ չունի, սակայն կներգրավեն նաև այլ մասնագետների:

«Հանձնաժողովի անդամները համակարծիք են ինձ հետ, որ ինչ-որ պահից հրավիրենք բարձրաստիճան, բայց արդեն թոշակի անցած զինվորականների»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ այդ զինվորականներից մեկի հետ արդեն նախնական համաձայնություն է ձեռք բերվել:

«Կան զինվորականներ, որոնք գուցե ինչ-որ անհանգստություններ ունեն հանձնաժողովի աշխատանքի հետ կապված, բայց անձամբ նախարարի մոտ տեսնում եմ, որ կա նման անհրաժեշտություն: Հանձնաժողովը և պաշտպանության նախարարը միասին պետք է ճանապարհ անցնենք, ինչքան էլ չուզողներ լինեն, նախկին իշանություններից անհանգստացողներ լինեն, այդ ճանապարհը միասին անցնելու ենք»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե, օրինակ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որոշակի թերահավատություն ուներ հանձնաժողովի աշխատանքի և անդամների մասնագիտական որակների վերաբերյալ, անգամ շեշտում էր հանձնաժողովում չծառայած անդամների լինելը, Անդրանիկ Քոչարյանն ասաց.
«Ես ուզում եմ հասկանալ, իսկ պրոֆեսիոնալ ծառայածների կառավարման ժամանակ այսքան թերացումներն ինչի՞ արդյունքում են:

Մեր աշխատանքի արդյունքը ինքն էլ կկարդա: Միանգամից գնահատական տալը թուլության նշան է, թող իմ նախկին գործընկերը, մենք բանակի կայացման գործում միասին մեծ ճանապարհ ենք անցել, ուզում եմ ինքը մնա այդ բարձունքի վրա: Թող չկասկածի էն, ինչը դեռ կասկածի տեղիք չի տվել: Ես էլ միշտ կասկածել եմ, որ ինչպես կարող էր մարտի մեկին նախկին նախարարը, որը շտաբի պետն էր, հնարավորություն տար, որ բանակը հանեն ժողովրդի դեմ, որի համար իրեն մեղադրանք է առաջադրվել հիմա: Այնպես որ նորից կրկնեմ մեր դասականի խոսքերը՝ հանգիստ նստեք տեղներդ»:

2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է այս տարվա մայիսին՝ 47 պատգամավորի դիմում-պահանջով: Հանձնաժողովը ստեղծվել է վարչապետ Փաշինյանի անուղղակի հանձնարարականով, երբ Փաշինյանը, խոսելով դատաիրավական համակարգի խնդիրների մասին, ասաց, որ իր կարծիքով՝ ժամանակն է, որ խորհրդարանը ստեղծի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ապրիլյան պատերազմի հանգամանքները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել