Առանց դատաիրավական համակարգի բարեփոխման հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը հույս չի ներշնչելու. Սարգսյան |shantnews.am|
08:06 - 27 հոկտեմբերի, 2019

Առանց դատաիրավական համակարգի բարեփոխման հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը հույս չի ներշնչելու. Սարգսյան |shantnews.am|

«Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար պետք է ունենալ հզոր պետություն»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ-ում սպանված սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը:

«Պատերազմը մեր քթի տակ է, մենք առավոտից երեկո դատավարություններով ենք զբաղվում: Այդ դատավարությունները կհամբերեն, պատերազմը չի համբերելու: Մենք լուրջ խնդիրներ ունենք տնտեսության առումով, երկրի զարգացման առումով և, իհարկե, դատաիրավական համակարգի բարեփոխման առումով: Առանց այդ բարեփոխման որևէ դատավարություն հույս չի ներշնչելու»,-ասաց Սարգսյանը:

Հարցին, թե արդյոք 20 տարի անց նա դեռ վաղաժամ է համարում հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը, Սարգսյանը պատասխանեց.

«Կարևորը 20 տարին չէ, ես կուզենայի, որ հոկտեմբերի 27-ից 1 տարի հետո տեղի ունեցած դատավարությանն ամեն ինչ բացահայտված լիներ, բայց չբացահայտվեց: Հիմա քաղաքական այնպիսի իրավիճակ է, որ Հայաստանի դատական համակարգը լուրջ խնդիրների մեջ է, խնդիրներ ունենք նաև Սահմանադրական դատարանում»:

Սարգսյանը դատարանների վստահելի լինելու հարցի պատասխանը չունի:

«Քանի որ չունեմ, գտնում եմ, որ հիմա գործի վերաբացումը և դրա վերաբացմամբ դատավարության անցկացումը վստահություն չի ներշնչելու»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել