Առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ ԱԺ հատուկ նիստ գումարելու հնարավորություն` նաև ոչ աշխատանքային օրերին |hetq.am|
15:14 - 01 ապրիլի, 2020

Առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ ԱԺ հատուկ նիստ գումարելու հնարավորություն` նաև ոչ աշխատանքային օրերին |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն առաջարկում է ԱԺ հատուկ նիստեր անելու հնարավորություն ընձեռել նաև ոչ աշխատանքային օրերին: Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքում:

Գործող օրենսդրությամբ` ԱԺ նիստեր ոչ աշխատանքային օրերին չեն կարող հրավիրվել: Չկան բացառություններ նաև արտակարգ դրության ռեժիմի պայմաններում: Նման նախադեպ եղավ մեկուսացման և ինքնամեկուացման պահանջները խախտելու դեպքում պատասխանատվություն ենթադրող նախագծի փաթեթի քննարկմանը: Փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման էր ներկայացվել ուրբաթ երեկոյան, երկրորդ ընթերցմամբ քննարկումը շարունակվեց երկուշաբթի առավոտյան:

Պատգամավորն առաջարկում է արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ԱԺ հատուկ նիստ գումարել նաև ոչ աշխատանքային օրերին: Նույնը վերաբերում է նաև ռազմական դրության դեպքում:

Առաջարկվում է նաև ամրագրել, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերի, պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում:

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ արտակարգ և ռազմական դրության ժամանակ առավել քան երբևէ անհրաժեշտ է թույլ չտալ օրենսդիր, գործադիր և դատական մարմնինների ոչ կանոնակարգված գործունեություն:

«Արտակարգ և ռազմական դրության ժամանակ առկա է Ազգային ժողովի կողմից որոշումների հրատապ կայացման անհրաժեշտություն, որոնք բխում են երկրում տիրող ու արագ փոփոխվող առանձնահատուկ իրավիճակից: Այդ որոշումները պետք է կայացվեն ինչպես աշխատանքային, այնպես էլ ոչ աշխատանքային օրերին և ժամերին: Ազգային Ժողովում արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակներում հատուկ նիստերի նշանակման և անցկացման կարգի, դրանով իսկ` խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով, առաջանում է անհրաժեշտություն վերոնշյալ դրության դեպքում հատուկ նիստերը անցկացնել նաև ոչ աշխատանքային օրերին»,- ասված է նախագծում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել