hetq.am: Այս տարվա հունվար-մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) Հայաստանում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 6.5 %-ով։

Նկատենք, որ այս տարի տնտեսական ակտիվությունն ավելի դանդաղ տեմպեր է գրանցում, քան նախորդ տարի։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի հունվար-մարտին ՏԱՑ-ի աճը կազմել է 10.4%։

Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից, միայն մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ն աճել է 6.2%-ով։ Հունվարին աճը կազմել էր 5.5%, իսկ փետրվարին՝ 7.6%:

Անկում է ապրել միայն գյուղատնտեսությունը

Վերադառնալով այս տարվա առաջին եռամսյակին՝ նշենք, որ տնտեսական ակտիվության աճին նպաստել են ինչպես ծառայությունների ոլորտն ու առևտրաշրջանառությունը, այնպես էլ՝ արդյունաբերությունն ու շինարարությունը։ Եվ ոչ մեծ անկում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում։

Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը ընթացիկ գներով առաջին եռամսյակում կազմել է մոտ 423.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 2%-ով։
Շինարարության ծավալները կազմել են 47.7 մլրդ դրամ, աճը՝ 10.8%:
Առևտրաշրջանառությունն առաջին եռամսյակում կազմել է 651.7 մլրդ դրամ՝ աճելով 10.1%-ով։

Իսկ ծառայությունների ծավալը 421.6 մլրդ դրամ է, որն աճել է 17.3%-ով։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա այս տարի առաջին անգամ են ներկայացվում այս ոլորտի ցուցանիշները։ Այդ վիճակագրությունը արդեն հրապարակվում է եռամսյակային պարբերականությամբ։

Ըստ Վիճկոմիտեի՝ դա պայմանավորված է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ: Կոմիտեն հավաստիացնում է, որ այս մոտեցումը կիրառվում է միջազգային վիճակագրական պրակտիկայում։ Սակայն, թե որքանով է այս մոտեցումը երաշխավորում, որ գյուղատնտեսության մասին պաշտոնական վիճակագրությունն այսուհետ ավելի հավաստի է լինելու, դժվար է ասել։

Այսպիսով, առաջին եռամսյակում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 74.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 0.2%:

Արտահանման անկումը շարունակվում է

Հայաստանի արտաքին առևտրի այս տարվա ցուցանիշները գոհացուցիչ չեն։ Առաջին եռամսյակում արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 1 մլրդ 629 մլն դոլար։ Դա 5%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։

Արտահանումն այս տարվա առաջին երեք ամիսներին կազմել է 543 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատվել է 8.6%-ով։ Ինչպես ավելի վաղ գրել ենք՝ հիմնվելով հունվար-փետրվարի տվյալների վրա, արտահանման նվազումը պայմանավորված է ինչպես հանքահումքի ծավալների կրճատմամբ, այնպես էլ՝ մանածագործական իրերի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի ծավալների կրճատմամբ։ Հայաստանի արտահանման կազմում առավել մեծ կշիռ ունեն այս ապրանքախմբերը, ինչպես նաև՝ պատրաստի սնունդը, որի ծավալներն աճել են։

Որ ուղղություններով է նվազել արտահանումը

Նվազել է նաև ներմուծումը։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանն արտաքին աշխարհից ներմուծել է մոտ 1 մլրդ 86 մլն դոլար ապրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3.1%-ով։

Ապրանքներն ու ծառայությունները թանկացել են 1.5%-ով

Հունվար-մարտին սպառողական գները Հայաստանում, 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել են 1.5%-ով։ Վիճկոմիտեի` ավելի վաղ հրապարակված տվյալներից երևում է, որ մասնավորապես, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 2.4%-ով, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 4.1%-ով, հագուստն ու կոշիկը՝ 2.7%-ով, կոմունալ ծառայությունները՝ 0.1%-ով, առողջապահական ծառայությունները՝ 2.5%-ով և այլն։