hetq.am: «Յուքոմ»-ի ավելի քան 500 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել, որովհետև բաժնետերերի միջև առաջացած տարաձայնության պատճառով աշխատանքից ազատման դիմում է գրել նաև տեխնիկական անձնակազմը` տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ:
Այս մասին ասաց աշխատանքից ազատման դիմում գրողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, որովհետև ինքը միակը չէ, և աշխատանքից ազատվողների թիվը գնալով մեծանում է, քանի որ աշխատակիցները վրդովված են տնօրինության` ղեկավար կազմի փոփոխության լուրերից և պատրաստ են նույնպես դիմումներ գրել:
Թե ինչ առճակատում է, դեռևս չեն հայտնում, սակայն մամուլում շրջանառվում է «Վեոն Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի` «Յուքոմ»-ի ղեկավարությունը ստանձնելու լուրը:
Պետական ռեգիստրի տվյալներում երևում է, որ Խաչատրյանների բաժնեմասերի վրա կալանք է դրվել 2020 թվականի մարտի 27-ին: Մասնավորապես, արգելանք է դրվել Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանների բաժնեմասերի վրա:
Արդյոք այս փաստը կապ ունի ստեղծված իրավիճակի հետ, թե ոչ, պարզել չհաջողվեց:
«Յուքոմ»-ի մարքեթինգի բաժնից հայտնեցին, որ այս պահին մեկնաբանություն չեն կարող տալ, գուցե քիչ ուշ ղեկավարությունն արդեն ասելիք ունենա:
Հիշեցնենք, որ մինչ «Յուքոմ»-«Վեոն Արմենիա» գործարքի բանակցություններն էին ընթանում, վերաձևակերպումներ և բաժնետերերի փոփոխություններ էին տեղի ունեցել «Յուքոմ»-ում։
Նախ՝ «Յուքոմ» ՍՊԸ-ն, որը «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերության և ապրանքանիշի սեփականատերն էր, այլևս չի գործում։
Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալներով` հունվարի 15-ին ՍՊԸ-ն գործունեությունը դադարեցրել է։ Նույն օրը «Յուքոմ»-ը վերագրանցվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն՝ նույն 24 մլն դրամին հասնող կանոնադրական կապիտալով։ Տնօրենը նույնն է մնացել՝ Հայկ Եսայանը։
Ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխումից երևում է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հարազատներն ընկերության ամենամեծ բաժնետերերն են։
Մասնավորապես` Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններն ունեն 11,9-ական տոկոս բաժնեմաս, վերջիններիս հորեղբոր որդին՝ Արամ Խաչատրյանը, տնօրինում է 24,34 % բաժնեմասը։ Այսինքն՝ Խաչատրյանների ընտանիքի ձեռքում այս պահին ողջ բաժնեմասի 48,14 % -ն է։
«Յուքոմ»-ի ղեկավար պաշտոններ զբաղեցնող Հայկ և Ալեքսանդր Եսայաններին մնացել է 2,97-ական % բաժնեմաս, միասին՝ 5,94 %։
«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող ռուսաստանյան բաժնետիրական առևտրային «Ֆորա-բանկ»-ին մնացել է 10,5 %-ը:
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)