Առնվազն խիստ սուբյեկտիվ պետք է լինել՝ չտեսնելու համար Դատախազության աշխատանքը․ հայտարարություն
05:48 - 03 հուլիսի, 2019

Առնվազն խիստ սուբյեկտիվ պետք է լինել՝ չտեսնելու համար Դատախազության աշխատանքը․ հայտարարություն

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայտարարությանը՝ որտեղ, անդրադառնալով Հայաստանում դատախազության ձեւավորման 101-րդ տարեդարձին եւ «Դատախազության աշխատողի» օրվա առթիվ նախօրեին հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում արտահայտված մտքերին՝ դրանց շրջանակում դատախազության աշխատանքն արդյունավետ գնահատելը որակել է որպես «իրականությունից շատ հեռու» եւ ներկայացվել որպես «ցանկալին իրականություն ներկայացնելու ավանդույթի» դրսեւորում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Հարգելով ժողովրդավարական հասարակարգում խոսքի եւ կարծիք արտահայտելու յուրաքանչյուր սուբյեկտի, տվյալ դեպքում նշված կուսակցության իրավունքը՝ այնուամենայնիվ, որպես պարզաբանում, հարկ ենք համարում ընդգծելու, որ հայտարարությամբ արվող որակումների համար բերված երկու այսպես կոչված «փաստարկները» ոչ միայն բացարձակապես անհիմն են, այլեւ դրանց վերաբերյալ ՀՀ դատախազության ներկայացրած բացատրությունների պարզունակ խեղաթյուրում եւ դատախազության իրավասություններից եւ քրեական դատավարության ընթացակարգերից անտեղյակության դրսեւորում:

Նախ՝ վկայակոչելով 2008-12թթ կուսակցության կենտրոնական գրասենյակն իրենց կարծիքով ապօրինի առգրավելու համար պետական համապատասխան պաշտոնատար անձանց, դատավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի գրությունը՝ կուսակցության հայտարարության մեջ նշվում է, թե ի պատասխան Դատախազությունը հայտնել է, որ «ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում»։

Իրականում Դատախազության պատասխան գրությամբ նշվել է, որ դիմումը չի կարող դիտվել կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող եւ չի կարող դրա հիման վրա քննարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ սկսելու հարց, քանի դեռ դրանում ընդամենը կարծիք եւ ենթադրություններ են՝ պաշտոնատար անձանց կողմից ապօրինություններ կատարելու վերաբերյալ որոշակի տվյալների փոխարեն:

Իսկ դիմումում, օրինակ, փաստացի որպես առերեւույթ հանցագործության դրսեւորում է ներկայացվում կուսակցության քաղաքական խորհրդի անդամների ընդհատակում գտնվելու ընթացքում դատարանի կողմից 2008թ. հոկտեմբերի 29-ի վճռով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայցադիմումը դատարանի կողմից բավարարելու հանգամանքը: Ընդ որում՝ նշված չի եղել, թե որոնք են այդ հայցադիմումն ապօրինի համարելու հիմքերը կամ պատճառները:

Մինչդեռ պատասխան ՀՀ դատախազության գրությամբ հստակ պարզաբանվել է, որ այն ժամանակ գործող ՀՀ «Դատական օրենսգրքի» 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ»:

Իսկ կուսակցության կողմից «ապօրինի» որակվող դատական ակտերը չեն բեկանվել: Որպես Դատախազության արդյունավետությունը վիճարկող երկրորդ փաստարկ, նշում է այն հանգամանքը, թե 2008թ-ի մարտի 1-ին դատախազությունում շտաբ չգործելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի՝ նախօրեին արված պնդումը չի համապատասխանում իրականությանը, եւ կրկին առանց որեւէ փաստ նշելու՝ ընդամենը շարադրվում է հայտարարության հեղինակի կարծիքը, թե գլխավոր դատախազությունում շտաբը գործել է փետրվարի 19-ից, որտեղ որոշվել է «ում նկատմամբ ինչ քրեական գործեր հարուցեն»։

Հայտարարության հեղինակը, հավանաբար, ՀՀ գլխավոր դատախազին շփոթում է քաղաքական կուսակցության ղեկավարի կամ մասնավոր անձի հետ, ովքեր կարող են իրենց թույլ տալ գործված կամ ենթադրյալ հանցագործության մասին հայտարարություններ անել չփաստարկված կարծիքի կամ ենթադրության վրա հիմնվելով, առավել եւս մարտիմեկյան իրադարձություններին առնչվող կարեւորագույն քրեական գործի համատեքստում:

ՀՀ գլխավոր դատախազի պնդումը բխել է բացառապես քրեական գործի նախաքննությամբ այս պահի դրությամբ ձեռք բերված փաստական տվյալներից եւ ապացույցներից, որոնք չեն հաստատում նման շտաբի գոյությունը: Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը շատ հստակ հայտարարել է, որ նման տվյալներ ձեռք բերվելու դեպքում անխուսափելիորեն հետեւելու է հանցավոր գործողություններ թույլ տված անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը: Եվ եթե «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները ենթադրություններից դուրս, դրա մասին ունեն որոշակի տվյալներ, ոչինչ չի խանգարում դրանք փոխանցել նախաքննություն իրականացնող մարմնին:

Իհարկե, յուրաքանչյուրը սեփական կարծիքը կարող է ունենալ որեւէ կառույցի արդյունավետության մասին: Սակայն առնվազն խիստ սուբյեկտիվ պետք է լինել չտեսնելու համար այն ահռելի ծավալի աշխատանքը, որն իրականացվել է ՀՀ դատախազության կողմից բազմաթիվ ուղղություններով: Ընդամենը ցանկություն եւ անաչառության կամք է հարկավոր, նախքան ապրիորի մեղադրանքներ հնչեցնելը, ծանոթանալու, օրինակ, Դատախազության գործունեության 2018թ. հաղորդմանը կամ գոնե պարբերաբար հետեւելու իրականացված եւ շարունակվող աշխատանքների վերաբերյալ ՀՀ դատախազության կողմից հրապարակվող պաշտոնական հաղորդագրություններին եւ տեղեկատվությանը: Ինչպես ասում են՝ երբեմն ավելի հեշտ է քննադատողի դիրքերից հանդես գալու համար պարզապես ջայլամի նման գլուխը թաղել ավազի մեջ»,- նշված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել