Առնվազն 23 երեխա է սպանվել 2019թ․ նոյեմբերին Իրանում տեղի ունեցած բախումների ժամանակ․ Amnesty International
11:14 - 05 մարտի, 2020

Առնվազն 23 երեխա է սպանվել 2019թ․ նոյեմբերին Իրանում տեղի ունեցած բախումների ժամանակ․ Amnesty International

Amnesty International-ի հրապարակմամբ առնվազն 23 երեխա է սպանվել 2019թ․ նոյեմբերին Իրանում տեղի ունեցած բախումների ժամանակ։ Կազմակերպության հետախուզական խումբը գտել է ապացույցներ, որ 2019թ․ նոյեմբերին տեղի ունեցած զանգվածային բախումների ժամանակ սպանվել է 22 տղա (12-17 տարեկան) ու 8-12 տարեկան մի աղջիկ։

Տվյալները հավաքագրելու համար կազմակերպությունն ուսումնասիրել է լուսանկարներ ու տեսահոլովակներ, տվյալներ է հավաքել մահվան ու հուղարկավորության վկայականներից, տեղում հավաքել վկայություններ ականատեսներից ու զոհերի հարազատներից, ընկերներից ու ծանոթներից, ինչպես նաև իրավապաշտպաններից ու լրագրողներից։ Մահվան արձանագրված 23 դեպքից 12-ը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին, 8-ը՝ նոյեմբերի 17-ին, իսկ նոյեմբերի 18-ին, ըստ կազմակերպության տվյալների, սպանվել է ևս 3 երեխա։

Հիշեցնենք, որ ցույցերը սկսվել էին նոյեմբերի 15-ին։ Երեխաների սպանությունները տեղի են ունեցել Իրանի Իսֆահան, Ֆարս, Քերմանշահ, Խուզեստաբ, Քրդստան ու Թեհրան նահանգների 13 տարբեր քաղաքներում։

Amnesty International-ի ներկայացուցիչները հանդիպել են սպանված երեխաների բարեկամների հետ, որոնք ասել են, թե իրենց վախեցնում ու հետևում են հետախուզության ու անվտանգության աշխատակիցներ։ Առնվազն մի ընտանիք ստացել է սպառնալիք, որ եթե իրենք խոսեն, ապա «ինչ-որ մի սարսափելի բան» կպատահի իրենց ողջ մնացած երեխաների հետ։

Ընդհանուր առմամբ ցույցերի ժամանակ սպանվածների հարազատները պատմել են, որ իրենց ստիպել են ստորագրել փաստաթուղթ, որով պարտավորվում են չշփվել լրատվամիջոցների հետ, ինչպես նաև իրենց հարազատների հուղարկավորությունը կատարել հատուկ ընթացակարգով՝ անվտանգության մարմինների աշխատակիցների ներկայությամբ, որից հետո միայն կարողացան ստանալ մահացածների մարմինները։ Սպանված երեխաների ընտանիքները հուղարկավորությունը կատարում էին արագացված կարգով՝ անվտանգության ու հետախուզության մարմինների ներկայությամբ, ինչը բացառում էր անկախ դատաբժշկական քննության հնարավորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել