Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են գյուղոլորտում համատեղ ծրագրերը
11:33 - 01 հոկտեմբերի, 2019

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են գյուղոլորտում համատեղ ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի շրջակա միջավայրի, բնական պաշարների և գյուղատնտեսության բաժնի տնօրեն տիկին Դոնեթ Ուոլթոնի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները քննարկելու նպատակով:

Հանդիպման օրակարգի գլխավոր թեմաներից էր բանկի կողմից մշակված Հայաստանի հետ գործակցության 2019-2023 թվականների ռազմավարությունը, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանին տրամադրել տեխնիկական աջակցություն գյուղատնտեսական արժեշղթաների ուսումնասիրության համար։

Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության հիմնական դրույթները և ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզը:

Փոխնախարարն իր խոսքում առանձին անդրադարձել է ագրարային ոլորտի ռազմավարական առաջնահերթություններին` մրցունակության և արդյունավետության բարձրացմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը, պարենային անվտանգության բարելավմանը, արտահանման հնարավորությունների ընդլայնմանը, մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցությանը, ինչպես նաև թվային գյուղատնտեսության և տեխնոլոգիական նորարարությունների խթանմանը։ Քննարկվել են նաև տեխնիկական աջակցության հիմնական ուղղությունները, նախատեսվող միջոցառումներն ու ակնկալվող արդյունքները:

Հյուրերը պատրաստակամություն են հայտնել հանգամանորեն ուսումնասիրել ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը և, հնարավորության դեպքում, որոշ գործողություններ ընդգրկել բանկի ռազմավարության մեջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել