ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեից ստացված՝ Երևանի քաղաքի ջրային համակարգի բարելավման և մաքրման վարկային ծրագրի իրականացման վերաբերյալ փաստաթղթերը, որի շրջանակում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Արդյունքում ի հայտ են բերվել ՀՀ ջրային կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դրսևորումների մասին փաստական տվյալներ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ  Ֆրանսիայի Հանրապետության կառավարության կողմից ՀՀ կառավարությանը հատկացված պետական-վարկային միջոցներով նախատեսվել է իրականացնել Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման աշխատանքներ, մասնավորապես՝ կեղտաջրերի սկզբնական և ցեխանստվածքների նախնական մշակման բարելավման միջոցով վերականգնել ջրազտման «Աերացիա» կայանը:

Ըստ այդմ՝ Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի և ֆրանսիական մի կազմակերպության միջև 30.12.2014թ. կնքվել է  10.4 մլն եվրո արժեքով պայմանագիր, որով շինարարության վերջնաժամկետ է նախատեսվել 20 ամիս, այսինքն կայանը պետք է շահագործման հանձնվեր ոչ ուշ, քան 2016թ. սեպտեմբերի 1-ին:  

Նշված ԾԻԳ ՊՀ-ի տնօրենի և ֆրանսիական կազմակերպության կողմից, առանց ամսաթվի նշմամբ, կազմվել է ավարտական ակտ, ինչպես նաև 2017թ. օգոստոսի 31-ի թվագրմամբ կազմվել է հաշվետվություն, համաձայն որոնց՝ վերականգնման շինարարական աշխատանքների դիմաց վճարվել է շուրջ 7,12 մլրդ. ՀՀ դրամին համարժեք մոտ 15 մլն ԱՄՆ դոլար: Մինչդեռ, պարզվել է, որ Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանը մինչ օրս շահագործման չի հանձնվել:

Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման ծրագրի արդյունքում ստեղծված գույքն ամրացվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին, որի հիմնական գործառությներից է եղել պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարումն ու անվտանգ օգտագործման ապահովումը:

Մինչդեռ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Երևան քաղաքից 9կմ ներքև հատվածում իրականացված Հրազդան գետի ջրի որակի մոնիթորինգի արդյունքում այդ դիտակետում 2014-2019թթ ընթացքում ջրի որակը գնահատվել է բացառապես 5-րդ դասի, այսինքն վատ որակի՝ պայմանավորված Երևան քաղաքի չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերի ազդեցությամբ:

Այսինքն «Աերացիա» ԿՄԿ-ն մինչ օրս շահագործման չհանձնվելու և Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման նպատակով հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 7,12 մլրդ. ՀՀ դրամի պետական միջոցները ոչ նպատակային ծախսվելու հետևանքով չեն կանխվել հնարավոր էկոլոգիական վտանգները՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- ասված է հաղորդագրության մեջ: