Արաբական երկրներից վարակվածության քիչ թվով առանձնանում է Սիրիան․ COVID-19 |armenpress.am|
10:42 - 07 ապրիլի, 2020

Արաբական երկրներից վարակվածության քիչ թվով առանձնանում է Սիրիան․ COVID-19 |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 347 հազար 631-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 74 հազարը: Ապաքինվել է ավելի քան 286 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ- ում 367 հազար 650 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 10 հազար 943-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 136 հազար 675: Իսպանիայում մահերի ընդհանուր թիվը 13 հազար 341 է:

Իտալիան վարակվածների թվով արդեն երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 132 հազար 547 է: Վարակից մահացել է 16 հազար 523 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան չորրորդ տեղում է. եվրոպական այդ երկրում 103 հազար 375 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 810: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 98 հազար 010 է: Մահացության ցուցանիշը 8 հազար 911 է:

Ֆրանսիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 740 ընդհանուր և ընդամենը 32 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 331 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 60 հազար 500 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 739: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 51 հազար 608 է, Թուրքիայում՝ 30 հազար 217 է, Շվեյցարիայում՝ 21 հազար 657։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 188 դեպք կա, Ռուսաստանում` 6 հազար 343: ՌԴ-ում մահացել է 47 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվն անցել 2 հազարից, այստեղ գրանցվել է մահացության 11 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 1832 մարդ, այստեղ մահացությունները ԱՄԷ-ի համեմատ ավելի քիչ են: Վարակից մահվան 4 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 85 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1322: Իրաքում վարակվածների թիվը 1000-ից մի փոքր ավելի է, մահացության ցուցանիշը 64 է:

Բահրեյնն առանձնանում է մահացության քիչ դեպքերով: Այստեղ վարակից մահացել է 4 մարդ: Ընդհանուր վարակվածության հաստատված դեպքերի թիվը 756 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 665: Արաբական երկրներից վարակվածության քիչ թվով առանձնանում է Սիրիան, այստեղ հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ, ինչպես նաև Լիբիան, որտեղ գրանցվել է վարակվածության 19, մահվան 1 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 204-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել