«Արաբկիր» մանկական այգու 1 քմ-ը վարձակալել են 160 դրամով. ովքեր են վարձակալները |hetq.am|
07:28 - 03 հուլիսի, 2019

«Արաբկիր» մանկական այգու 1 քմ-ը վարձակալել են 160 դրամով. ովքեր են վարձակալները |hetq.am|

hetq.am։ Կցանկանայի՞ք Երևանի երկրորդ ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող վարչական շրջանի՝ Արաբկիրի զբոսայգիներից մեկում տարածք վարձակալել՝ 1 քմ-ի համար տարեկան վճարելով ընդամենը 160, 270, 440, 650, իսկ առավելագույնը՝ 1600 դրամ։

Նման արժեքով տարածքներ են վարձակալության տրվել «Վահագն Դավթյանի» զբոսայգում, որն ավելի հայտնի է որպես «Արաբկիր» մանկական զբոսայգի։
Այգում տարածքներ է վարձակալել 10 տնտեսվարող։ Նրանց կեսը փաստացի ավելի մեծ տարածքներ է զբաղեցրել, երբեմն՝ մի քանի անգամ ավելի, քան ըստ վարձակալության պայմանագրի:

Հինգ վարձակալների պայմանագրերի ժամկետն ավարտվել է տարիներ առաջ, նրանցից մեկինը՝ 2010 թվականին։ Թեև վարձակալության պայմանագիր չի վերակնքվել՝ նրանք շարունակում են այգում գործունեություն ծավալել։

Այգում վարձակալած տարածք ունեն ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Մխիթարյանի եղբայրը՝ Անդրանիկ Մխիթարյանը և Աննա Ալեքսանյանը՝ Արաբկիրի դատախազի նախկին տեղակալ Ալեքսան Ալեքսանյանի դուստրը։

Զբոսայգում վարձակալության տրված տարածքներից համայնքը ստանում է տարեկան ընդամենը 1.7 միլիոն դրամի եկամուտ, այնինչ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը վստահեցնում է, որ այգին համայնքին պետք է ապահովեր առնվազն 30 միլիոն դրամի եկամուտ:

Արաբկիրի նախկին թաղապետներին չէին կարող չհետաքրքրել այս այգու վարձակալման գումարներն ու ապահոված եկամուտները, քանի որ այն գտնվում է թաղապետարանի դիմաց։

Զբոսայգում տարածքների վարձակալությունը սկսվել է 1999թ.-ից և ակտիվորեն շարունակվել մինչ 2000-ականների սկիզբը։ Այդ ժամանակ այգին կոչվում էր «Արաբկիր մանկական զբոսայգի»։

Արբանյակից արված լուսանկարներից երևում է, թե 2000-ականներից սկսած, ինչպես են այգու տարածքում ավելացել շինությունները և այգու կանաչ գոտին պակասեցրել՝ կառուցապատման նպատակով։

Այգու 10 վարձակալներից միայն 7-ն է այս պահին գործունեություն ծավալում։ Այստեղ կան սրճարաններ, բիլիարդանոց, գրասենյակային տարածք, կրպակ։

Ամենամեծ տարածքը զբաղեցնում է «Ազնավուր» սրճարանը։ Թեև սրճարանին վարձակալությամբ տրամադրվել է 115 քմ մակերեսով հատված, այն զբաղեցնում է դրանից մոտ 8 անգամ ավելի տարածք՝ 870 քմ մակերեսով։ Այս ամբողջի համար տնտեսվարողը տարեկան վճարում է 19 000 դրամ, այսինքն՝ ամսական մոտ 1500 դրամ։ Պայմանագրով նրան հատկացված 1 քմ տարածքի տարեկան վճարը 165 դրամ է (ամսական 14 դրամից էլ պակաս):

Այս տարածքը 2005 թվականին վարձակալության է տրվել «Պրագա-30» ընկերությանը, որի վարձակալության պայմանագիրն ավարտվել է դեռ 2010 թվականին, ինչից հետո չի վերակնքվել։ Հետագայում ընկերությունն իր գույքը վաճառել է Արտուշ Դավթյանին: Նրա հետ նույնպես վարձակալության պայմանագիր չի կնքվել։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն ասում է, որ հանդիպել է «Ազնավուր» սրճարանի տնօրինության հետ, քննարկել են վարձակալության վճարը բարձրացնելու հարցը, սպասում են սրճարանի ներկայացրած ողջամիտ առաջարկին։

«Տնտեսվարողը մեր մասնավոր զրույցի ժամանակ ասում էր՝ ինքը բազմիցս դիմել է քաղաքային իշխանություններին, որ գան, վերակնքեն պայմանագիրը: Ասում է՝ չեն վերակնքել՝ որոշակի իմաստով իրեն կախվածության մեջ դնելու համար՝ հետագայում տարբեր նկատառումներից ելնելով»,- նշեց Դանիելյանը։

Արտուշ Դավթյանն այգում մեկ այլ գույք էլ ունի՝ բիլիարդանոց։ Այն ևս 100 քմ-ից ավելի տարածք է զբաղեցնում։ Դրա համար տնտեսվարողը տարեկան վճարում է 95 հազար դրամ վարձակալության գումար։

Այգում սրճարանային գործունեություն է ծավալում նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Մխիթարյանի եղբայրը՝ Անդրանիկ Մխիթարյանը։ Վերջինիս այգում տարածք է տրամադրվել 2003 թվականին, երբ նրա եղբայր Արմեն Մխիթարյանը ԱԺ պատգամավոր էր, Արաբկիր վարչական շրջանից։

Անդրանիկ Մխիթարյանը պայմանագրով վարձակալում է 160 քմ մակերեսով տարածք, մինչդեռ նրան պատկանող սրճարանը զբաղեցնում է 3 անգամ ավելի մեծ տարածք՝ 470 քմ։ Մխիթարյանի հետ կնքված վարձակալության պայմանագիրն ավարտվում է մի քանի ամսից՝ 2020 թվականի հունվարին։ Վարձակալած յուրաքանչյուր քմ-ի համար Մխիթարյանը վճարում է 1650 դրամ։

Զբոսայգու պայմանագրով ամենամեծ վարձակալը Լևոն Մարգարյանն է՝ «ԻՔՍ պլանետ» մանկական սրճարանի սեփականատերը։ Սրճարանին վարձակալությամբ տրամադրվել է 600 քմ հատված, սակայն վերջինս զբաղեցնում է նաև լրացուցիչ 200 քմ տարածք։

Սրճարանին տարածքը վարձակալությամբ է տրվել 2008 թվականին՝ 21 տարի ժամկետով։ Վարձակալ Լևոն Մարգարյանն ամբողջ տարածքի համար 700 հազար դրամ է վճարում (1 քմ-ի համար՝ 1170 դրամ)։ Մարգարյանը նաև «Ոստան» ռեստորանային համալիրի սեփականատերից մեկն է և «Ձյունիկ սառնարան» մաքսային պահեստի տնօրեն-սեփականատերը։

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել