Արամ Հարությունյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց |armtimes.com|
13:03 - 02 հուլիսի, 2019

Արամ Հարությունյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց |armtimes.com|

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի եւ մյուսների վերաբերյալ գործի վերաբացման դեմ բերված բողոքի քննությունը:

Նիստին որպես շահագրգիռ անձ ներկա է նաեւ Արամ Հարությունյանի դեմ ցուցմունք տված գործարար Սիլվա Համբարձումյանը եւ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը: Վերջինս նիստի սկզբում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Նելլի Բաղդասարյանին: Բանն այն է, որ սույն գործը վերաբացելու որոշում կայացրել է թե՛ ՀՀ գլխավոր դատախազը եւ թե՛ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:

Կարեն Հակոբյանն ասաց, որ դատավոր Նելլի Բաղդասարյանի ամուսինը՝ Արիս Բարսեղյանը, հանդիսանում է Մուրադյանի ենթական՝ դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ: «Ձեր ամուսինը ունի գերատեսչական շահ կապված դեպքի էության հետ:

Այդ պատճառով ողջամիտ կասկած է առաջանում այն կապակցությամբ, որ դուք, քննարկելով բողոքարկվող ձեր ամուսնու անմիջական պետի՝ Վ. Մուրադյանի որոշումը, չեք կարող օբյկետիվ լինել, եւ դա լիովին բնական է, քանի որ ի պաշտոնե լինելով նախագահող դատավոր, դուք չեք դադարում լինել ընտանիքի, հասարակության անդամ»,- հայտարարեց Հակոբյանը եւ կասկածի տակ դնելով դատավորի անաչառությունը՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Միջնորդության դեմ առարկեցին դատախազ Հայկ Պետրոսյանը, սույն գործով քննիչ Դավիթ Կոստանդյանը եւ Սիլվա Համբարձումյանը:

Դատավորը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել