Արարատի մարզպետը հանդիպել է Ավշարի դպրոցի ուսուցիչներին |news.am|
14:03 - 20 մարտի, 2019

Արարատի մարզպետը հանդիպել է Ավշարի դպրոցի ուսուցիչներին |news.am|

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպում-քննարկում ունեցավ Ավշար համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմի հետ։
Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչները՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը։

Դպրոցի ուսուցիչները միաձայն պնդեցին՝ իրավական հիմք չունի իրենց բողոքը, ներկա տնօրեն Հերմինե Անդրեասյանը վիրավորել է իրենց՝ որպես մանկավարժ։ Նրանց խոսքով՝ ի սկզբանե տնօրենի հետ խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ վերջինս փորձել է աշխատանքից ազատել դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն արձանագրեց՝ ո՛չ Գայանե Մարտիրոսյանը, ո՛չ դպրոցից որեւէ այլ ուսուցիչ առանց հիմքի ազատված չէ, եւ չի էլ կարող կամայական սկզբունքով ազատումներ լինել։

Անդրադառնալով մամուլով շրջանառվող այն խոսակցություններին, թե դպրոցի տնօրենը մարզպետի բարեկամուհին է, մարզպետ Սարգսյանը եւս մեկ անգամ հերքեց՝ ազգակցական որեւէ կապ չունի վերջինիս հետ, իսկ ինչ վերաբերում է նրան, որ Հերմինե Անդրեասյանը ցանկացել է դպրոցի փոխտնօրեն դարձնել իր մտերիմ ընկերուհուն՝ Աստղիկ Հարությունյանին, ով մարզպետ Սարգսյանի մորաքրոջ հարսն է, ապա այս առիթով մարզպետը նշեց, որ Աստղիկ Հարությունյանը մարզի մեկ այլ դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի, իր կողմից նրան փոխտնօրեն նշանակելու որեւէ կարգադրություն չի եղել։

Գարիկ Սարգսյանը նաեւ ընդգծեց՝ որեւէ մեկը չի ուղղորդել նաեւ դպրոցի տնօրենի ընտրությունները, ինչը հաստատեցին նաեւ դպրոցական խորհրդից ընտրություններին մասնակից մանկավարժները։

Վերջինս եւս մեկ անգամ կոչ արեց՝ րոպե առաջ վերադառնալ դպրոց, շարունակել դասապրոցեսը, չխախտել երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը։

news.am

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել