Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոտինոյի հետ
12:51 - 02 հուլիսի, 2019

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոտինոյի հետ

Հուլիսի 1-2-ը Մոսկվայում ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոտինոյի հետ:

Ողջունելով իր գործընկերոջը՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության և փոխադարձ վստահության վրա, ինչը լավ հիմք է երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային ծրագրեր կյանքի կոչելու համար:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Ներկայացուցիչների պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Սեսիլիա Բոտինոն տեղեկացրել է, որ ընտրվելուց հետո արդեն իսկ հասցրել է հանդիպել հայ համայնքի հետ, որը մեծ դեր ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Նա նշել է, որ իր երկրի խորհրդարանում ամեն տարի իրականացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել ուրուգվայցի գործընկերներին Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշման համար: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում արդեն իսկ ձևավորվել է Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խումբը՝ հույս հայտնելով, որ վերջինս ակտիվ գործունեություն կծավալի:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը հայ խորհրդարանականների հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ մոտ օրերս Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացումը ևս նոր զարկ կտա երկու երկրների միջև բազմոլորտ հարաբերություններին:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը հրավիրել է Սեսիլիա Բոտինոյին այցելել Հայաստան:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել