Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին
13:03 - 02 ապրիլի, 2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:

Ողջունելով դեսպանին` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է Հայաստանի հետաքրքրվածությունը լատինամերիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում` Արգենտինայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ:

Նրա խոսքով` չնայած աշխարհագրական հեռավորությանը` առկա են լավ նախադրյալներ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության, փոխայցերի եւ միջազգային դիվանագիտության դերը:

ԱԺ նախագահը ողջունել է Արգենտինայի խորհրդարանի որոշումը` ապրիլի 24-ը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Հանդուրժողականության եւ ազգերի միջեւ հարգանքի օր հռչակելու վերաբերյալ: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը` օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատել է խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծման Հայաստանի վճռականությունը` միջազգայնորեն մանդատ ունեցող միակ կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում:

Գոնսալո Ուռիոլաբեիտիան նշել է, որ իր երկիրը եւս սատարում է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքականությունը: Նա մեծապես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունը, եղած բարեկամական կապերը նոր օրակարգով համալրելու անհրաժեշտությունը:

Կողմերն արժեւորել են միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը, ի լրումն առկա քաղաքական ու մշակութային կապերի` նաեւ տնտեսական ոլորտում գործակցության նպատակահարմարությունը:

Երկուստեք ընդգծվել է արգենտինահայ համայնքի` ինչպես Արգենտինայի ներքին կյանքի տարբեր ոլորտներում, այնպես էլ հայ-արգենտինյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած դերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել