Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին նախորդ տարում ցուցաբերած աջակցության ու արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունը 2020 թվականին ավելի կզարգանա:

Ռուստամ Բադասյանը Միացյալ Նահանգների գործընկերների հետ զրույցում անդրադարձել է հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումների գործընթացներին, քննարկել այդ ճանապարհին համագործակցելու հնարավորությունները:

Դեսպանը բարձր է գնահատել նախարար Բադասյանին հանդիպելու և Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի մասին ավելին իմանալու այս հնարավորությունն ու ընդգծել, որ ԱՄՆ կառավարությունն ուրախ է, որ հնարավորություն ունի աջակցություն տրամադրել Հայաստանին՝ օգնելով առաջ տանել ոստիկանության լայնամասշտաբ բարեփոխումները և ձևավորել նոր հակակոռուպցիոն հաստատություններ։