Արդարադատության նախարարության առաջարկած նախագծով որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել
07:32 - 01 հուլիսի, 2019

Արդարադատության նախարարության առաջարկած նախագծով որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել

Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում՝ ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ: Ըստ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության՝ նախագծի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է:

Ի պատասխան մասնագիտական շրջանակում տարածված մտահոգության՝ հայտնում ենք, որ նշված օրենքով նախատեսվող փոփոխությամբ որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել: Հաշվառումը նախատեսվել է մեկ նպատակով՝ նույնականացնել այն լրատվամիջոցներին, որոնք կկարողանան անվճար օգտվել Ռեգիստրի տվյալների բազայից: Հաշվառված և չհաշվառված լրատվամիջոցների տարբերությունը կայանալու է նրանում, որ չհաշվառված լրատվամիջոցները Ռեգիստրի տվյալների բազայից անվճար չեն օգտվելու:

Այս համատեքստում, եթե մասնագիտական հանրությունը շարունակում է ԶԼՄ-ների մասով որևէ խնդիր տեսնել (իսկ նման խնդիր, մեր գնահատմամբ, Նախագծի ընդունմամբ չի առաջանում), Արդարադատության նախարարությունը բաց է քննարկման համար և սպասում է կառուցողական առաջարկների:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ www.e-draft.am հարթակը ստեղծվել է պետական մարմինների կողմից ներկայացված նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու և մասնագիտական շրջանակից կարծիք ստանալու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել