Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը, մի շարք քննարկումներից հետո միաձայն որոշում կայացրեց դիմել ՀԴԿ անդամներին, համակիրներին չմասնակցել ս.թ. ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

ՀԴԿ հայտարարություն մաեւ նաեւ ասվում է.

«Մեր հիմնավորումները հետեւյալն են. Խորամուխ չլինելով թույլ տրված իրավական խախտումների բովանդակության մեջ, փաստելով դրանց առկայությունը, հայտարարում ենք, որ հանրաքվեի արդյունքում երկրում հաստատվելու է անհանդուրժողականության մթնոլորտ, որովհետեւ խնդիր է դրված ոչ թե երկրի զարգացման համար կարեւորագույն նշանակություն ունեցող օրինական Սահմանադրություն ընդունել, այլ մի քանի ՍԴ անդամներից ազատվել:

Եթե ոչ թե 2023թ., այլ առաջիկայում սահմանադրական բարեփոխումների փաթեթը հասարակական լայն քննարկումներից հետո դրվեր հանրաքվեի, ապա այն մերժելու կամ բոյկոտելու մտադրությունը խիստ խնդրահարույց կլիներ քաղաքական ուժերի համար:

Հաջորդը: Հաշվի առնելով, որ իշխանությունների եւ օրենսդիր եւ գործադիր հատվածների բացարձակ մեծամասնության դիրքորոշումը բացահայտ է՝ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, դրանով իսկ կանաչ ճանապարհ բացելով նաեւ յուվենալ արդարադատության եւ նույնանման բովանդակության օրենքների ընդունմանը,, մենք վճռական ենք թույլ չտալու հակասահմանադրական ակտերի ընդունումն ու կիրառումը մեր երկրում:

Այս պարագայում մեր ժողովրդի ինքնության պահպանումը եւ զարգացումը պահանջում է, որպեսզի Սահմանադրական դատարանը, անկախ իշխանությունների ճնշումներից, անաչառ գտնվի եւ մայր օրենքի տառին համապատասխան որոշում կայացնի:

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք՝ 2015թ. կեղծիքներով ընդունված, ավտորիտար իշխանություն հաստատող, ժողովրդավարության եւ սոցիալական արդարության հաստատմանը խոչընդոտող Սահմանադրության պայմաններում երկրի համար ոչ մի կենսական նշանակություն չունեցող հանրաքվեի անցկացումը մերժում ենք եւ առաջարկում ենք իշխանություններին չեղարկել անիմաստ միջոցառման անցկացումը: Դրանով կկանխվի նաեւ լուրջ միջոցների վատնումը, ժողովրդի մի հատվածի գիտակցության հնարովի խնդիրներով մոլորեցումը, եւ, ոչ պակաս կարեւոր, մեր երկրի միջազգային հեղինակության անկումը: