Արեն Մկրտչյանը պատասխանել Ալավերդու պատկերասրահի, «Թեղուտ» ՓԲԸ-ի եւ Ալավերդու պղնձաձուլարանի մասին հարցերին |hetq.am|
05:44 - 28 ապրիլի, 2019

Արեն Մկրտչյանը պատասխանել Ալավերդու պատկերասրահի, «Թեղուտ» ՓԲԸ-ի եւ Ալավերդու պղնձաձուլարանի մասին հարցերին |hetq.am|

hetq.am: Այսօր «Քաղաքացու օր» տոնի առթիվ ալավերդցիների հետ հանդիպել է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Նա պատասխանել է հարցերին։

-Տեղյակ ե՞ք Ալավերդու պատկերասրահի շենքի շուրջ ստեղծված իրավիճակին։

-Տեղյակ եմ, որ պատկերասրահի շենքի հետ կապված քրեական գործ է հարուցված: Քանի որ այս պահին շենքի հետ կապված նախաքննություն է գնում, ուղղակի պահպանում ենք խիստ չեզոքություն: Չենք ուզում արտակարգ դատարանի դեր վերցնել մեզ վրա: Մենք դրա իրավունքը չունենք: Դուք հաշվի առեք նաև այն հանգամանքը, եթե մենք միջամտենք, հակառակ կողմն էլ կարող է դա իր վրա ճնշում դիտարկել:

- Բայց դուք կողմերից որևէ մեկին չենք պաշտպանելու: Դուք ընդամենը պաշտպանելու եք ՀՀ կառավարության 1997թ.-ի մարտի 14-ի N51 որոշման պահանջը, ըստ որի շենքը որպես պատկերասրահ այսօր էլ Ալավերդի համայնքի սեփականությունն է: Զավեշտալի չէ, այսօր ուժի մեջ գտնվող կառավարության որոշումը դատարանում վիճարկելը:

- Հիմա դուք համարում եք, որ օրենքը խախտվել է, չէ՞:

-Իհարկե:

- Բովանդակային առումով, ես որևէ կերպ Ձեզ չեմ հակադրվում: Հարցը կայանում է նրանում, որ հիմա քանի դեռ նախաքննություն է ընթանում, պետք է չեզոքություն պահպանել: Կա նախաքննող մարմին, իրեն բոլոր լիազորություններով: Քրգործը կուղարկվի դատարան, կլինի դատավճիռ: Եթե դատավճռի հետ համաձայն չենք լինի, այդ ժամանակ կշարունակենք աշխատել: Մեր հնարավորության սահմաններում ամեն ինչ կանենք: Բայց իշխանության ճյուղերի տարանջատումը պետք է լինի հստակ: Ես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եմ: Կա դատական իշխանություն, կա գործադիր իշխանություն: Չպետք է սրանք մեկը մյուսի աշխատանքի մեջ մտնեն: Խոսքը գործնականում հանցագործության մասին է: Ես ուշադիր հետևում եմ Ալավերդու պատկերասրահի հետ կապված «Հետք»-ի հրապարակումներին: Որպես ԱԺ պատգամավոր, որպես ալավերդցի և Հայաստանի քաղաքացի, շենքի օգտագործումը որպես պատկերասրահ ինձ համար շատ կարևոր է, բայց քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում և պետք է մտնի դատարան, իշխանության երեք թևերից յուրաքանչյուրը պետք է իր գործն անի: Եկեք սպասենք պատկերասրահի շենքի հետ կապված դատավճռին, ըստ այդմ կշարունակենք:

-Ինչ նորություն ունեք «Թեղուտ» ՓԲԸ-ից: Շատերը չեն հավատում Թեղուտի վերագործարկմանը:

-Այո, ես տեղյակ եմ դրան: Ասում էին Նորիկ Պետրոսյանը ոչ մի հնարավորություն չունի Թեղուտը վերաբացելու: Բայց նա եկավ և Թեղուտը բացեց:

-Բայց Թեղուտում լուրջ խնդիր կա պոչամբարի հետ կապված, որը երկարաժամկետ լուծում է պահանջում: Ինչպես կարող է Նորիկ Պետրոսյանը առանց պոչամբարի անվտանգության հիմնովին լուծման՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն վերագործարկել:

- Հիմա Թեղուտում պոչամբարի կապիտալ վերանորոգում են կատարում:

- Թեղուտի պոչամբարը բերնեբերան լիքն է և երկարաժամկետ հնարավոր չէ շահագործել: Առաջիկայում արդյոք այնտեղ 2-րդ պոչամբար է կառուցվելու:

- Դա չեմ կարող ասել:

-Ձեր տեղեկություններով որքա՞ն մարդ է աշխատելու Թեղուտում:

- Ըստ ընկերության տնօրինության տվյալների 1200 մարդ է աշխատելու: Արդեն վերանորոգման աշխատանքեր են ընթանում: Այնտեղ ջրագծերի վերանորոգման խնդիրներ կան: Ջրագծերի խողովակների մեծ մասը գողացել են: Կա նաև կոմունիկացիաների այլ խնդիրներ: Այս պահին պոչամբարի հետ կապված խնդիրներն են վերացվում: Չափագրումներ են արվում: Բուլղարական խորհրդատվական ընկերություն են հրավիրել: Նրանք հիմա աշխատում են: Մեր նախնական տվյալներով 2 ամսից ավելի ժամանակ է պահանջվում այդ խնդիրները լուծելու համար: Դրանից հետո կլինի Թեղուտի վերագործարկումը: Այս պահի դրությամբ արդեն 100 աշխատող են հետ կանչել աշխատանքի: Ամեն օր նոր աշխատողներ են հրավիրում:

-Ովքեր են այժմ «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետերերը:

- Այժմ «Թեղուտ» ՓԲԸ-ի համատեղ բաժնետերերը ՎՏԲ-ն և Նորիկ Պետրոսյանն է: «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատելու են թեղուտցիներ, շնողցիներ, օձունցիներ և տարածաշրջանի այլ քաղաքացիներ: «Թեղուտ» ՓԲԸ-ն իր ողջ հզորությամբ և աշխատողների քանակով շարունակելու է աշխատել: Ընկերությունը աշխատելու է բնապահպանական իր պարտավորությունների ճշգրիտ կատարմամբ: Մենք Շնող գետակ և Դեբեդ գետ պոչանքային անթույլատրելի արտանետումներ թույլ չենք տալու:

- Ինչ կասեք Ալավերդու պղնձաձուլական գործարանի ճակատագրի մասին:

- Ես անձամբ չեմ համակարգում պղնձաձուլական գործարանի պրոցեսը, ուղղակի ինֆորմացված եմ որպես ԱԺ պատգամավոր: Չգիտեմ պղնձաձուլական գործարանում ինչ զարգացումներ կլինեն: Գիտեմ, որ պղնձաձուլական գործարանի մասով Ալավերդիում կարծիքները երկու մասի է բաժանված: Ինձ համար միանշանակ անթույլատրելի է, որ գործարանի աշխատանքերը դադարեցնելուց առաջ, պղնձաձուլարանի թույլատրելի արտանետումները սահմանված էր 5 600տ, իրենք արտանետում էի 38 հազար տոնա ծծմբային անհիդրիդ: Ես ամեն ինչ անելու եմ, որ դա չկրկնվի:

-Իսկ պղնձաձուլարանի հարցում ո՞րն է կառավարության մոտեցումը:

-Կառավարությունն ուզում է հասկանալ ազդակիր համայնքների բնակիչների մոտեցումները: Բայց այստեղ պետք է նորից հաշվի առնենք, որ պղնձաձուլարանը նորից գրավի առարկա է և ՎՏԲ-ն ցանկացած պահի կարող է վերցնել այն:

-Մասնագետներն ասում են, որ պղնձաձուլական գործարանի բնապահպանական խնդրի արմատական լուծումը ծծմբաթթվի արտադրամասի կառուցումն է: Դա չընդունվեց «Վալլեքսի» կողմից

- «Վալլեքսը» 2,5 տարի բանակցել է չինացիների հետ, բայց կարող եմ ասել, որ չինացիների հետ հնարավոր համագործակցությունը շատ ռեալ և իրատեսական է: Ես չգիտեմ նախկինում «Վալլեքսը» ինչու չի դրան համաձայնել, բայց հիմա մենք խոսում ենք հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարության մոտեցումների մասին: Չինական կողմը և կառավարությունը բավականին կոնստրուկտիվ են տրամադրված: Չինական ծրագրի իրականացումը հավանական է: Նշեմ, որ ինձ համար շատ կարևոր է ալավերդցիների աշխատատեղերի հարցը, բայց դա չպետք է լինի մնացած ալավերդցիների առողջության գնով, ովքեր չեն աշխատում պղնձաձուլական գործարանում: Իմ տեղեկություններով մոտ 13 հազար մարդ է բնակվում Ալավերդիում, եթե 630 մարդ ուզում է իր աշխատանքի իրավունքը վերականգնվի, 12 600 մարդ էլ ուզում է առողջ ապրել: Դրանք չպետք է լինեն մեկը մյուսի հաշվին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել