Արժույթի միջազգային հիմնադրամը հրաժարվում է վարկ տալ Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար |civilnet.am|
15:35 - 09 ապրիլի, 2020

Արժույթի միջազգային հիմնադրամը հրաժարվում է վարկ տալ Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար |civilnet.am|

civilnet.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Արժույթի միջազգային հիմնադրամին կոչ է արել չենթարկվել ԱՄՆ-ի սպառնալիքներին և կատարել մյուս երկրների հանդեպ ստանձնած պարտավորությունները՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի ժամանակ. հաղորդում է իրանական Mehr News գործակալությունը։

«Մենք ԱՄՀ-ից վերջին 50 տարում ոչինչ չենք խնդրել և կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները։ Եթե Հիմնադրամը այս ծանր ժամանակներում չկատարի իր պարտավորությունները, աշխարհը դա այլ կերպ կմեկնաբանի»,- հայտարարել է Ռոհանին։ - Պատմությունը երբեք չի մոռանա, որ Սպիտակ տունը, որը տնտեսական ահաբեկիչ էր, այժմ դարձել է ահաբեկիչ բժշկական ոլորտում նույնպես»։

Իրանի նախագահը շեշտել է, որ երկրի առողջապահական ոլորտն անում է ամեն բան՝ համավարակի պայմաններում կարիքները հոգալու համար՝ հավելելով, որ Իրանը մոտ ապագայում կդառնա ինքնաբավ կորոնավիրուսի թեստերի առումով։

Մարտի սկզբին Իրանի Կենտրոնական բանկը դիմել էր ԱՄՀ-ին՝ խնդրելով տրամադրել 5 մլրդ դոլարի վարկ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ ԱՄՆ-ը հրաժարվում է վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները և անգամ վերջին շաբաթներին սաստկացրել է դրանք։

Al-Monitor պարբերականը, հղում անելով Պետքարտուղարության իր աղբյուրին, հաղորդում է, որ ԱՄՆ-ն ընդդիմանում է ԱՄՀ-ի կողմից Իրանին վարկի տրամադրմանը։

«Ահաբեկչության առաջատար հովանավոր երկիրը գումար է փնտրում արտերկրում իր արկածախնդրությունը ֆինանսավորելու, այլ ոչ թե իրանցիների համար դեղորայք գնելու համար։ Ռեժիմի կոռումպացված պաշտոնյաները երկար ժամանակ մարդասիրական օգնությունը գրպանել են և տվել իրենց ահաբեկիչ շրջանակներին։ Իրանցիներն անձամբ դա շատ լավ գիտեն, ահա թե ինչու բազմաթիվ այլախոհներ և քաղաքական նախկին քաղբանտարկյալներ գրել են ԱՄՀ-ին՝ խնդրելով մերժել ռեժիմին ուղիղ ֆինանսական աջակցությունը, որը չի ուղղվելու իրանցի ժողովրդին օգնությանը»,- Al-Monitor-ին ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Ավելին՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել