Արճիս համայնքի բնակիչները խմելու ջուր չունեն․ գյուղացիներն այսօր փակել էին միջպետական ճանապարհը
09:43 - 01 հուլիսի, 2019

Արճիս համայնքի բնակիչները խմելու ջուր չունեն․ գյուղացիներն այսօր փակել էին միջպետական ճանապարհը

Լուսանկարները Գարիկ Միսկարյանի Ֆեյսբուքյան էջից 

Այսօր Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել էին Ալավերդի-Բագրատաշեն տանող միջպետական ճանապարհը։ Բնակիչներն այս քայլին էին դիմել տարիներ շարունակ չլուծվող խմելու ջրի խնդիրը պատասխանատու մարմիններին լսելի դարձնելու և լուծում գտնելու նպատակով։

Արճիս համայնքի բնակիչներից Դավիթ Վերանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Խորհրդային միության փլուզումից հետո գյուղում խմելու ջուր չկա։ Համայնքի բնակիչները մշտապես դիմել և բողոքել են ջրի հարցով, բայց ոչ մի լուծում չի եղել։

«Ունենք երկու հատ տեղական աղբյուր՝ անտառներից դուրս եկող։ Այս տարի ո՛չ ձյուն է եկել մեր տարածաշրջանում, ո՛չ անձրև, այդ աղբյուրները ցամաքել են։ Այս պահին ամեն ընտանիքի մի քսան լիտր ջուր է հասնում, դա էլ եթե հասցնում են տանեն և ուրիշը չի տանում իրենց տեղը»,- ասաց նա։

Ըստ Դավիթ Վերանյանի՝ այս տարվա նման չոր տարի դեռ չէր եղել, ինչն էլ ժողովրդին հունից հանել է։ Լոռի բերդից մինչև Բագրատաշեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ունի խմելու ջրի ջրագիծը, որն անցնում է Արճիս համայնքի միջով։ Դավիթ Վերանյանը նշում է, որ բնակիչները պահանջում են, որ Արճիս համայնքնին ևս այդ ջրից հասնի։

«Պետք է պոմպակայան կառուցեն և մի երկու կիլոմետրի հասնող մղման խողովակաշար, որ այդ ջրագծից նաև գյուղի ջրավազաններին ջուրը հասնի։ Ինչպես ՀՀ մյուս համայնքի բնակիչները, այստեղ ևս մարդիկ ուզում են խմելու ջուր ունենալ»,- ավելացրեց Դավիթ Վերանյանը։

Բնակիչներն այս պահին բացել են ճանապարհը։ Այսօր երեկոյան Տավուշի մարզպետարանից ներկայացուցիչներ պետք է գնան Արճիս, խոսեն բնակիչների հետ, լուծման ուղղիներ գտնեն։

 

Աստղիկ Գաուդյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել