Արման Սաղաթելյանի պնդումները «Յանդեքս»-ի կողմից հաշվարկվող ինքնամեկուսացման ինդեքսի մասին մանիպուլյատիվ են
15:12 - 03 ապրիլի, 2020

Արման Սաղաթելյանի պնդումները «Յանդեքս»-ի կողմից հաշվարկվող ինքնամեկուսացման ինդեքսի մասին մանիպուլյատիվ են

Երեկ նախկին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր «Յանդեքս» համակարգի կողմից հաշվարկված ինքնամեկուսացման ինդեքսին և նշել, որ մեր ցուցանիշը անկում է ապրում և եզրակացրել էր, որ «դրված խնդիրները չեն լուծվում` հակառակ ՀՀ պարետի անհիմն լավատեսական SMS պնդումների»։

Նախ նշենք, որ «Յանդեքս» համակարգն ինքնամեկուսացման ինդեքսը հաշվարկել է Ռուսաստանի առանձին  քաղաքների, ինչպես նաև Երևանի, Մինսկի և Նուրսուլթանի համար։

Ինդեքսն ընդգրկում է երեք միջակայք և դրանց համապատասխան մեկնաբանություն։

  • 0-2,4 բալ - փողոցում շատ մարդի կան
  • 2,5-3,9 բալ- մարդկանց մեծ մասը տանն է
  • 4-5 բալ - փողոցում մարդիկ չկան

Ցուցանիշը հաշվարկվել է` կարանտինի օրերին մարդկանց տեղաշարժը համեմատելով սովորական օրերին մարդկանց տեղաշարժի հետ։ Որպես սովորական օրերին մարդկանց տեղաշարժի ցուցանիշ վերցվել է մարտի 2-5-ի (երկուշաբթիից ուրբաթ) տեղաշարժերի միջինը։

Հիմա անդրադառնանք Երևան քաղաքի բնակիչների ինքնամեկուսացման ցուցանիշին՝ ըստ «Յանդեքս»-ի։

Դիտարկվող ժամանակաշրջանը մարտի 4-ից ապրիլի 2-ն է։ Մինչ ՀՀ-ի ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների կիրառումը՝ մարտի 24-ը,  մարտի 15-ին, 21-ին, 22-ին ինքնամեկուսացման ինդեքսները եղել են 2,5-3,9 միջակայքում, ինչը նշանակում է, որ մարդկանց մեծ մասը տանն է եղել։

Սահմանափակումների կիրառումից հետո՝ մարտի 25-ից մինչ ապրիլի 2-ը եղել է կայուն, գտնվել է 3,1-3,2-ի միջակայքում, այսինքն՝ մարդկանց մեծ մասը տանն է եղել։ Մարտի 28-ին և 29-ին ինքնամեկուսացման ինդեքսները եղել են համապատասխանաբար 3,6 և 4 բալ։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարտի 28-29-ը եղել են շաբաթ և կիրակի և մարդիկ, բնականաբար, հիմնականում տանն են եղել այդ օրերին, իսկ «Յանդեքս»-ը կարանտինի օրերի ակտիվությունը համեմատում է սովորական աշխատանքային օրերի շարժի միջինի հետ(մարտի 2-5-ը)։ 

«Յանդեքս»-ն իր ուսումնասիրության վերջում նշում է, որ ինդեքսը հաշվարկվում է միայն «Յանդեքս» հավելվածից և ծառայություններից օգտվողների համար, կարող է օգտագործվել իրավիճակի մոտավոր գնահատման համար, այլ ոչ՝ ճշգրիտ հաշվարկների։

Վերոնշյալ երկու գործոնները հաշվի առնելով՝ կարող ենք նշել, որ ինդեքսը չի արտացոլում Երևանի բնակիչների ինքնամեկուսացման իրական պատկերը։ Միաժամանակ, եթե դիտարկենք այն հանգամանքը, որ «Յանդեքս» հավելվածից լայնորեն օգտվում են տաքսու վարորդները, ովքեր այս օրերին աշխատում են, ապա այս ցուցանիշը կարող է պայմանանավորված լինել հենց տաքսու վարորդների շարժով։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանի եզրակացություններն ու գնահատականները,  տրված իրականացվող աշխատանքներին, հիմնված են ոչ ճշգրիտ ցուցանիշի վրա, որը չի կարող դառնալ միանշանակ պնդման հիմք։

Արփի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել