Արմավիր համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ համաներման հիմքով |hetq.am|
04:49 - 24 հունիսի, 2019

Արմավիր համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ համաներման հիմքով |hetq.am|

hetq.am:  Արմավիրի մարզի Արմավիր գյուղական համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ համայնքի միջոցները վատնելու և պաշտոնական կեղծիք կատարելու մեղադրանքներով: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Հրաչիկ Սարգսյանի, ով դատարանի նախագահն է, կիրառելով համաներման մասին օրենքը, որոշել է քրեական գործը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել:

Ռաֆիկ Մարգարյանը 2002թ. հոկտեմբերի 25-ից Արմավիր գյուղական համայնքի ղեկավարն է: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ համայնքում աշխատանքի ընդունված մի խումբ աշխատակիցների կողմից աշխատանքի չներկայանալու պարագայում, միասնական դիտավորությամբ, 2014-2017թթ. ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձերի ցուցակները հաստատել է իր ստորագրությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով համայնքի միջոցներից հափշտակել է խոշոր չափի 565 հազար 267 դրամ գումար։

Մասնավորապես՝ մշակույթի տան մարզիչ Նշան Գուլոյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում համայնքի ղեկավարի գիտությամբ 2016թ. սեպտեմբերի 24-ին մեկնել է արտերկիր և Հայաստան վերադարձել հաջորդ տարվա փետրվարի 28-ին` այդ ընթացքում չհաճախելով աշխատանքի։ Սակայն, նշված ժամանակահատվածի ընթացքում մշակույթի տան գրադարանի վարիչ Նադեժդա Ավետիսյանը, ում վրա դրված է եղել նաև աշխատակիցների հաճախումների մատյանը վարելու գործառույթը, մատյանում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել Նշան Գուլոյանի աշխատանքի հաճախելու վերաբերյալ: Այնուհետև հաշվապահի կողմից կազմվել է նշված ժամանակահատվածի համար աշխատավարձի ցուցակ` ներառելով նաև փաստացի աշխատանքի չհաճախած Նշան Գուլոյանի տվյալները և ներկայացրել համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանին։

Ռ. Մարգարյանը հստակ իմանալով Նշան Գուլոյանի երկրից բացակայելու հանգամանքի մասին, անձնական դրդումներով, իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի ցուցակը: Դրա հիման վրա պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով Մարգարյանը կատարել է հափշտակություն` Նշան Գուլոյանի աշխատավարձի հաշվեհամարին երկրից բացակայելու 5 ամիսների համար փոխանցվել է ընդհանուր 389.515 դրամ գումար։

Բացի այդ, համայնքապետարանում վարորդ Բաբկեն Մովսիսյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում համայնքի ղեկավարի գիտությամբ 2017թ. օգոստոսին մեկնել է արտերկիր և վերադարձել հոկտեմբերին` այդ ընթացքում չհաճախելով աշխատանքի: Սակայն, Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Հովհաննիսյանը, ում վրա դրված է եղել աշխատակիցների հաճախումների մատյանը վարելու գործառույթը, հաճախումերի մատյանն առանց Բաբկեն Մովսիսյանի ստորագրության տրամադրել է համայնքի հաշվապահ Ա. Կարապետյանին` հավաստելով, որ վերջինիս փոխարեն աշխատանքը կատարվել է: Կազմվել է նշված ժամանակահատվածի համար աշխատավարձի ցուցակ` ներառելով նաև փաստացի աշխատանքի չհաճախած Բաբկեն Մովսիսյանի տվյալները և ներկայացրել համայնքի ղեկավարին։ Այս դեպքում նույնպես անձնական դրդումներով իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի ցուցակը, որի հիման վրա պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով կատարել է հափշտակություն` Բաբկեն Մովսիսյանի աշխատավարձի հաշվեհամարին ՀՀ-ից բացակայելու 1 ամսվա ընթացքում փոխանցվել է 103.000 դրամ գումար։

Նույն եղանակով աշխատավարձի հաշվեհամարին փոխանցվել է աշխատակազմում պահակ աշխատող, սակայն երկրից մեկ ամիս բացակայած Գրիգոր Ացագյանի աշխատավարձը՝ 72.752 դրամ գումար։

Դատական նիստի նախապատրաստական մասի ընթացքում համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանի շահերի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է և դատական քննությունն անցկացվել է արագացված կարգով։ Իսկ վիճաբանությունների փուլի ընթացքում պաշտպանը միջնորդել է դատարանին Ռաֆիկ Մարգարյանի նկատմամբ կիրառել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 03.11.2018թ. ՀՀ օրենքը և քրեական գործի վարույթը կարճել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել համաներման մասին օրենք ընդունելու հիմքով։

Ռաֆիկ Մարգարյանը համաձայնվել է, որպեսզի իր նկատմամբ կիրառվի համաներման օրենքը ու դատարանից խնդրել է քրեական գործի վարույթը կարճել և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Մեղադրողը չի առարկել։ Դատարանն էլ բավարարել է միջնորդությունը, գործի վարույթը կարճել է, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել