24news.am: ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը «Գոլդեն Փելես» հյուրանոցի գործով բազմիցս հարցաքննվել է: Այդ մասին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ Արմեն Ավետիսյանն առերեսվել է գործով անցնող վկաների հետ:

«Բազմիցս հարցաքննվել է, էական հակասություններ են առաջացել, առերեսվել է վկաների հետ», - նշեցին կենտրոնից։
Ըստ մամուլի կենտրոնի՝ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահը գործով դեռ վկայի կարգավիճակ ունի։

Ավելի վաղ Արմեն Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը նվիրել պետությանը: 2018-ի դեկտեմբերի 15-ին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ըստ օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցը գրանցված է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցնեն իրական սեփականատիրոջը:

Արմեն Ավետիսյանն, անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը:

ԱԱԾ-ն հատկանշական է համարել այն հանգամանքը, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, որը որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն:

Այնուհետև, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը՝ նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը:

Հետագայում, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երեւանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ «Գոլդեն փելիս բուտիկ» հյուրանոցը: Ըստ ԱԱԾ-ի՝ օրենքի խախտումներով կառուցված երեք «Գոլդեն Փելես» հյուրանոցները միասին 2016-ին գնահատվել են մոտ 90 մլն դոլար։