Արմեն Սարգսյանը Հայաստանում էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման անհրաժեշտություն է տեսնում
20:28 - 05 մայիսի, 2020

Արմեն Սարգսյանը Հայաստանում էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանը պետք է մեծ ջանքեր ներդնի էլեկտրոնային կառավարման ոլորտը զարգացնելու ուղղությամբ։ «Աշխարհը պանդեմիայից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» թեմայով առցանց վեբինարի ընթացքում այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Այն երկրները, որոնք հաջողությամբ կարողացել են խթանել, կիրառել և ներմուծել էլեկտրոնային կառավարման գործիքներ, այդ պետությունները շատ ավելի տոկուն էին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Օրինակ՝ Սինգապուրը, մինչև կորոնավիրուսը մոտ 20 հազար մարդ արդեն իսկ տանից էր աշխատում՝ կառավարական աշխատանքային խումբը։ Այսինքն, երբ կորոնավիրուսը տարածվեց, մարդիկ արդեն պատրաստ էին ապագա ռիսկերին դիմակայելու և նրանց համար որևէ արտասովոր բան չկար տանից աշխատելու մեջ։ Էլեկտրոնային կառավարման ոլորտը չափազանց կարևոր է ապագայի տեսանկյունից, և Հայաստանի նման երկիրը, կարծում եմ, պետք է ջանքեր գործադրի հենց այդ ոլորտում»,- ընդգծեց Սարգսյանը։

ՀՀ նախագահը նշեց, որ երկիրը չի կարող էլեկտրոնային կառավարում ունենալ առանց էլեկտրոնային մեխանիզմների ստեղծման, տեղեկատվական տեխնոլոգիաների ձևավորման և հմտությունների։

 «Էլեկտրոնային կառավարումը խթանելով՝ խթանում ենք նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, իսկ վերջինիս առավելագույն զարգացման մակարդակը արհեստական բանականությունն  է։  Համաճարակից հետո վերադառնալու եմ իմ  նախագահական նախաձեռնությանը, որը միտված է ATOM ծրագրի զարգացմանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ են հրավիրվել Հայաստան, մասնավորապես՝ արհեստական բանականությունը զարգացնելու նպատակով։ Դա հենքն է և հիմնարար գործիքն ապագան ապահովելու համար, կլինի այն սննդի արտադրության, գյուղատնտեսության, միջպետական հարաբերությունների, թե վիրուսի դեմ պայքարի համար։ Սա մի հարց է, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել»,- եզրափակեց Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել