Արտակ Զեյնալյանը հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակում |armenpress.am|
08:45 - 13 մարտի, 2019

Արտակ Զեյնալյանը հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակում |armenpress.am|

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որպես վկա հարցաքննվել է Մարտի 1–ի գործի շրջանակներում։ Այդ մասին լուրը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը։

«Նախարարը որպես վկա հարցաքննվել է»,– ասաց Լուսինե Մարտիրոսյանը:

Հայտնի է, որ Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշման դեմ, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել