Արտաշատի թատրոնում բացակայում են նվազագույն պայմանները. մարզպետը խոստացել է վերանորոգել |armtimes.com|
11:28 - 26 ապրիլի, 2019

Արտաշատի թատրոնում բացակայում են նվազագույն պայմանները. մարզպետը խոստացել է վերանորոգել |armtimes.com|

armtimes.com: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենն ու 13 հոգանոց ստեղծագործական անձնակազմը մշտական բնակություն ունեն Երեւանում, որոնք գրեթե ամեն օր ստիպված են լինում մոտ 2 ժամվա ճանապարհ կտրել եւ հասնել Արտաշատ՝ աշխատանքի:

Թատրոնի տնօրեն Գագիկ Ռոստոմյանը հայտնեց, որ այն ավտոբուսները կամ փոքր մեքենաները, որոնք իրենց երթեւեկությունն են ապահովել ժամանակին՝ տարիների ընթացքում մաշվել են: «Խորհրդային տարիներին լավ բան կար, դերասաններին ուղարկում էին շրջանային թատրոններ, շրջաններում նրանց բնակարաններով էին ապահովում, հետագայում այդ մարդիկ մշտական բնակություն էին հաստատում տվյալ մարզում կամ քաղաքում: Հիմա նման բան չկա, եղած ֆոնդերն էլ վաղուց կա՛մ վաճառվել են, կա՛մ սեփականաշնորհվել»,-նկատեց Ռոստոմյանը:

Գագիկ Ռոստոմյանը 2017 թվականից զբաղեցնում է Արտաշատի թատրոնի տնօրենի պաշտոնը: Թատրոնը գեղարվեստական ղեկավար չունի: «Փորձում ենք ինքներս լուծել երթեւեկության հարցերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ գալ»,-ասաց Ռոստոմյանը: Տնօրենը դժվարացավ պատասխանել, թե դերասաններն ինչքան աշխատավարձ են ստանում, կամ թե պետությունն իրենց ինչքան գումարով է ֆինանսավորում: Հայտնեց, որ պետությունն իրենց միայն աշխատավարձ եւ ջեռուցման գումար է տրամադրում:
Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի շենքը, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում է:

Տնօրենը նշեց, որ բեմ չունեն, լուսավորություն՝ եւս, անցած տարի վերանորոգում է իրականացվել, սակայն կիսատ է թողնվել եւ ավելի վատ վիճակում է հիմա: Շենքի վերանորոգման համար մշակույթի նախարարություն են դիմել: Դիմել են նաեւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, վերջինս խոստացել է այս տարի անպայման աջակցել: «Նախարարություն էլ չենք դիմում, որովհետեւ այնտեղ եւս անորոշ վիճակ է, չգիտենք՝ փոխնախարարները մնալու են, չեն մնալու, դեռեւս այդ հարցով չենք էլ անհանգստացրել»,-ասաց Ռոստոմյանը:

Չնայած այդ բոլոր անհարմարություններին, թատրոնը տարեկան 4-ից 5 պրեմիերա է ներկայացնում, 80-ից ավելի ներկայացումներ են խաղում: Այս տարի դեռեւս մեկ պրեմիերա են ունեցել, Արշակ Սեմիջյանի «Դարպասները բացվում են» պիեսի հիման վրա համանուն ներկայացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել