Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելը այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների․ Նիկոլ Փաշինյան
07:51 - 27 մարտի, 2019

Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելը այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք կա Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ սպասվելիք հանդիպման հստակ օրակարգը։

Զոհրաբյանը մասնավորապես ասաց․ «Սա արտաքին քաղաքականության օրակարգի ամենաակտուալ հարցերից մեկն է։
Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի հետ Ձեր հանդիպումը Վիեննայում, կա՞ հստակ օրակարգ և արդյոք, ինչպես Արցախում համատեղ անվտանգության նիստից հետո նշեցիք հնարավոր օրակարգի մասին՝ Մադրիդյան սկզբունքների երկու կողմերի յուրովի մեկնաբանությունն է, որովհետև ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում է ԵԱՀԿ համանախագահների վերջին հայատարարության մեջ ներկայացված սկզբունքները, հասկանալի է, որ չի կարող ընդունելի լինել մեզ համար»։ 

Հարցին վարչապետը պատասխանեց, որ դեռ Իրանում է հայտարարել, որ հանդիպման նախնական պայմանավորվածություն կա, և տվել ենք համաձայնությունը, բայց քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնապես չեն հայտարարել հանդիպման տեղի և ժամի մասին, նա հայտարարություն չի անի։

«Նախկինում էլ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ ես ասել եմ իմ դիրքորոշումը, որ առնվազն սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ չպետք է ունենան, պիտի լինի հարցերի լայն շրջանակ, պետք է ուղղակի մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում, և այո՛, այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի համատեղ նիստի ժամանակ, այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք բանակցային հետագա ողջ գործընթացում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Դիտարկմանը, թե այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու վերաբերյալ մտքեր կփոխանակվեն, Փաշինյանը պատասխանեց․ «Այո՛, իհարկե, Ստեփանակերտի իմ ելույթի առաջին դրույթը հենց դա էր։ Ուզում եմ բոլորս ճիշտ հասկանանք, որովհետև կան տարբեր մեկնաբանություններ և՛ Հայաստանում, և՛ դրսում։ Մեկնաբանություն կա, տարօրինակ կերպով նաև Հայաստանում, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ է, բայց դա, իհարկե, բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ և չի կարող լինել, որովհետև բանակցային ֆորմատը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել