Արցախի զորամասերից մեկում նոր ճաշարան է բացվել՝ սննդի ապահովման նոր համակարգով
12:45 - 09 մարտի, 2020

Արցախի զորամասերից մեկում նոր ճաշարան է բացվել՝ սննդի ապահովման նոր համակարգով

ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Նման հերթական ճաշարանի բացման արարողությանը մասնակցել և մատուցվող կերակրատեսակներին ծանոթացել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Ինչպես պարենային ապահովման նոր տարբերակին անցած մյուս բոլոր զորամասերում, այստեղ ևս անձնակազմի արձագանքը միանշանակ դրական է:

Միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանի համոզմամբ՝ քաղաքացիական կազմակերպության կողմից սննդի ապահովման գործընթացի իրականացումը հրամկազմի համար խնայում է ոչ միայն հսկայական մարդկային և նյութական միջոցներ, այլև ապահովում է հավելյալ ազատ ժամանակ, որը հնարավորություն է ընձեռում մարտական պատրաստության ու պատրաստականության համալիր գործընթացներին հատկացնել շատ ավելի մեծ ուշադրություն: Ի դեպ, միավորման ենթակա մյուս զորամասերում ևս ընթացքի մեջ են պարենային ապահովման նոր տարբերակի անցման աշխատանքները, որոնք ավարտին կհասնեն սահմանված ժամկետներում:

Նոր ճաշարանի սպասարկող անձնակազմի գերակշիռ մասը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են: Քանի որ ճաշարանի բացումը համընկել է կանանց միջազգային տոն օրվա հետ, վերջիններս նվերներ ու շնորհավորանքներ են ստացել հրամանատարության և մատակարար ընկերության ղեկավարության կողմից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել