aysor.am: Արցախը յուրահատուկ վայր է ու Արցախում պետք է լինի կայունություն, Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Արցախում հնարավոր լարվածությանը։

«Անցանկալի է Արցախում ցանկացած տիպի խժդժությունները ու Արցախի կայունությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա», - նշեց նա։
Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը, որպես ԱԱԾ տնօրեն, իր պարտականությունները կատարելիս պարտադիր հաշվի է առնում այդ հանգամանքը ու, ընդհանուր առմամբ, անվտանգային համակարգը կառուցելիս առաջնորդվում են այդ սկզբունքով՝ Արցախը պետք է լինի կայուն։

«Երեկ Արցախում հանրահավաքին ես հարկ համարեցի միջամտել, որ խժդժությունները լուրջ հետևանքներ չունենան: Փառք Աստծո, մեզ հաջողվեց կանխել այդ զարգացումները, քաղաքացիները լսեցին իմ հորդորն ու շարունակեցին իրենց, այսպես ասած, բողոքի ակցիան», ֊ ասաց նա։

Վանեցյանի խոսքով՝ երեկվա հանրահավաքը պատմական էր։

«Իրականում այն թեզերը, որ հնչեցին այդ հանրահավաքի ընթացքում, պատմական են, շեշտադրումները շատ կարևոր էին մեր ողջ հայ ազգի պատմության համար», - ասաց նա։
Երեկվա հանրահավաքը, ԱԱԾ տնօրենի խոսքով, անվտանգության առումով, այո, ռիսկային էր։ «Բայց եթե մենք ուզում ենք անել մի բան, որը կզարմացնի ողջ աշխարհին, մենք պետք է դիմենք ռիսկերի։ Իհարկե, պետք է ռիսկերը գնահատենք ու անենք ամեն ինչ, որպեսզի այդ ռիսկերը լուրջ հետևանքներ չունենան», ֊ ասաց նա։

ԱԱԾ տնօրենն ասաց, թե այդ հանգամանքից ելնելով, ինքն անմիջական մասնակցություն է ունեցել համահայկական խաղերի կազմակերպման աշխատանքներին ու մինչև այս պահը ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։