Արցախում մեկնաբանում են Հայաստանում մայիսի 28-ի միջոցառմանը չմասնակցելու փաստը |24news.am|
13:29 - 29 մայիսի, 2019

Արցախում մեկնաբանում են Հայաստանում մայիսի 28-ի միջոցառմանը չմասնակցելու փաստը |24news.am|

24news.am: Ակտիվորեն շարունակվում է քննարկվել հարցը, թե ի՞նչն էր պատճառը, որ մայիսի 28-ի՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ Սարդարապատում անցկացված տոնական միջոցառմանը ներկա չէր Արցախի ղեկավարությունը: Հրավեր չի՞ եղել, թե՞ այլ խնդիր կա, փորձեցինք պարզել Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանից:

«Հարցը պետք է բաժանել երկու մասի. երեկ Արցախ էին ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և տեղի է ունեցել հանդիպում: Ինչ վերաբերում է հրավերին՝ կխնդրեի դիմել համապատասխան կառույցներ և այնտեղից պարզել՝ եղել է հրավեր, երբ են ուղարկել և այլն»,- նշեց նա:

Ճշտմանը, թե նկատի ունի՝ դիմենք ՀՀ կառավարությո՞ւն, Բաբայանը նշեց, թե չի կարող ասել, պետք է հասկանալ՝ ով է զբաղվում այդ հարցով: Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ վերջին օրերին Հայաստանի և Արցախի միջև հնարավոր լարվածությունն է Արցախի ղեկավարության՝ Սարդարապատում ներկա չգտնվելու պատճառը, Բաբայանն արձագանքեց.

«Արցախի և Հայաստանի միջև չի կարող լարվածություն լինել, որովհետև մենք մի հայրենիք ենք: Դա անթույլատրելի է: Որևէ մեկն իրավունք չունի լարվածություն սերմանելու մեր միջև: Դա չի նշանակում, որ այդպիսի մարդիկ, սադրիչներ չկան: Այսօր գալիս են, ապուշ հայտարարություններ են անում: Բոլորիս պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի մեր հայրենիքը լինի միասնական: Իսկ մենք ունենք մեկ հայրենիք. Արցախն ու մայր Հայաստանը մի հայրենիքի մասեր են և անթույլատրելի է, որ մենք իրար հետ ինչ-որ խնդիրներ ունենանք: Ո՞ւմ ենք ուրախացնելու դրանով. իհարկե, Ադրբեջանին և Թուրքիային»:

Հիշեցնենք, որ երեկ Սարդարապատում մայիսի 28-ի առթիվ միջոցառում տեղի ունեցավ, որին ներկա չէր Արցախի քաղաքական ղեկավարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել