ԲԴԽ–ն քննում է Վճռաբեկ դատարանի դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը |news.am|
14:33 - 06 հունիսի, 2019

ԲԴԽ–ն քննում է Վճռաբեկ դատարանի դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը |news.am|

news.am։ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունիսի 6–ին քննում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի միջնորդության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Միջնորդության համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը որոշել է վարույթ չընդունել քաղաքացու հայցը։

Մասնավորապես, 2018թ. սեպտեմբերի 3-ին պատասխանողի ներկայացուցիչն անշարժ գույքի առուվաճառքի գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանը մեկ ամիս անց վերադարձրել է՝ առաջարկելով շտկել իր որոշմամբ մատնանշված թերությունները և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնել:

Բողոքը բերող անձը շտկել է թերությունները և կրկին ներկայացրել այն, սակայն Վճռաբեկ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 12-ին մերժել է բողոքը վարույթ ընդունել։

Բողոք բերող անձի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Դավթյանը 2019 թվականի հունվարի 11-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրով:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 2019 թվականի ապրիլին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու մասին որոշում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել