ԲՀԿ-ական պատգամավորն իր ընկերությանը փորձում է ազատել քրեական պատասխանատվությունից |civilnet.am|
05:52 - 12 դեկտեմբերի, 2019

ԲՀԿ-ական պատգամավորն իր ընկերությանը փորձում է ազատել քրեական պատասխանատվությունից |civilnet.am|

civilnet.am: Կառավարության դեկտեմբերի 12-ի նիստի օրակարգում չզեկուցվող ընթացակարգով հարց է ընդգրկված, որով ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Վարդան Վարդանյանը առաջարկում են փոփոխություն կատարել քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածում։ Սա վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր չվճարելուն։

Պատգամավորները մասնավորապես փորձում են խոշոր չափի հարկային պարտավորություններ չկատարելու շեմը՝ ներկայում գործող 4 միլիոն դրամը, փոխարինել 15 միլիոն դրամով։ Պարզվում է՝ ԲՀԿ-ականների այս նախաձեռնության արդյունքում նրանցից Բագրատյանի հիմնադրմամբ ու մասնակցությամբ ստեղծված ընկերությունը կազատվի քրեական պատասխանատվությունից։

ԲՀԿ-ական պատգամավորները նախագծի հիմնավորման մեջ նշել են՝ տնտեսվարող սուբյեկտները օբյեկտիվորեն դժգոհում են, որ հարկային մարմինները չարաշահում են քրեական գործ հարուցելու իրենց լիազորությունը, իսկ քրեական գործերի հարուցումը վատ է անդրադառնում ներդրումային և բիզնես միջավայրի վրա։ Սերգեյ Բագրատյանն ու Վարդան Վարդանյանը ներկայացրել են նաև վիճակագրություն, ըստ որի՝ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործերը մեծաասամբ մեղադրական եզրակացությամբ դատարան չեն հասնում։

Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել նախագծին։ Եզրակացության հիմնավորումից պարզ է դառնում, որ նախաձեռնության հեղինակ Սերգեյ Բագրատյանի հիմնադրած ընկերությունն անցնում է ՊԵԿ-ում հարուցված քրեական գործով և առանձնապես խոշոր չափի վնասի շեմի փոփոխության դեպքում կազատվի պատասխանատվությունից։

Կառավարության հիմնավորման մեջ մասնավորապես ասված է. «Քննչական մարմինների կողմից ներկայացված գրություններից պարզ է դարձել, որ ներկայում քննչական մարմիններից մեկի վարույթում է գտնվում «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի կողմից (որի հիմնադիրը Սերգեյ Բագրատյանն է) հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու, ինչպես նաև այդ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոչոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու (Օրենսգրքի 205-րդ հոդված) դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում առկա տվյալների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի հիմնադիր Սերգեյ Պապաշի Բագրատյանի բաժնեմասի չափը ներկայում կազմում է 1,98%:Հիմքում ունենալով վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրված տեղեկատվությունը՝ հարկ է նշել, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխության կատարման դեպքում վերոնշյալ քրեական գործը, ըստ էության, ենթակա կլինի կարճման»:

«ԲիԷսԲի» ընկերությունը ըստ Հետքի՝ Եղեգիս գետի վրա ունի հէկ, որը կառուցվել է այն ժամանակ, երբ Սերգեյ Բագրատյանը Վայոց ձորի մարզպետն էր։ Նույն լրատվամիջոցի հրապարակումների համաձայն՝ հէկի կառուցման շինաշխատանքները սկսվել են առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության։

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել