ԲՀԿ-ն առաջարկում է թանկարժեք մետաղների հարգադրոշմման գործառույթը փոխանցել պետական հատվածին |armenpress.am|
11:45 - 05 փետրվարի, 2020

ԲՀԿ-ն առաջարկում է թանկարժեք մետաղների հարգադրոշմման գործառույթը փոխանցել պետական հատվածին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է թանկարժեք մետաղների հարգորոշման եւ հարգադրոշմման և դրանց հետ կապված գործողությունները մասնավորից հատվածից փոխանցել պետականին՝ ֆինանսների նախարարության հարգորոշման եւ հարգադրոշմման պետական ծառայությանը:

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Տարիներ շարունակ թանկարժեք մետաղների, ոսկերչական իրերի շուկաներում տարբեր դիտարկումներ ենք արել: Եվ նկատում ենք, որ հաճախ հարգորոշման և հարգադրոշմման գործընթացում առկա են երևույթներ, որոնք իրականությունը խեղաթյուրում են: Օրինակ՝ այսինչ հարգի թանկարժեք մետաղը ներկայացվում է այլ հարգի և այդպես էլ դրոշմվում է: Մենք կարծում ենք՝ հիմա ժամանակն է, որ այդ գործընթացները որոշ ժամանակով լինեն պետության հսկողության ներքո»,-ասաց Մելքումյանն ու նշեց՝ Ռուսաստանում, Բելառուսում այս պրակտիկան կա:

Նա նկատեց՝ այդ ապրանքները թանկ արժեն, և մարդիկ կոնկրետ հարգորոշված ապրանքի համար վճարելով՝ ստանում են ըստ, էության, այլ ապրանք, ինչը, պատգամավորի կարծիքով, անթույլատրելի է:

Ոլորտում ներկայում ծանուցման ենթակա գործունեություն է իրականացնում 8 ընկերություն:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց՝ նպատակահարմար չեն համարում առաջարկը, որովհետև լավ զարգացած ոսկերչական շուկաների միջազգային փորձն ասում է, որ դա ավելի լավ է մասնավորն իրականացնի: «Երկրորդ՝ համարում ենք, որ ՀՀ-ում այդ աստիճանի խնդիր չկա, որ պետք է ծայրահեղ գործողության դիմել: Միևնույն ժամանակ, եթե ձեզ հասնում է տեղեկություն, որ խնդիրներ կան, ուրեմն, մենք պետք է ավելի խորն անդրադառնանք, հասկանանք, թե ինչ մեխանիզմով կարելի է այդ խնդիրը լուծել: Մեր կարծիքով, ամենաճիշտ մեխանիզմը կլինի ռեպուտացիոն ռիսկերի բացահայտումն ու ցուցաբերումը շուկայի բոլոր մասնակիցներին»,-ասաց Ավանեսյանը:

Հանձնաժողովի նիստում քվեարկությամբ նախագիծը ստացավ բացասական եզրակացություն: Սակայն, ինչպես շեշտեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, նախագիծը չընդունվեց, բայց խնդիրն ընդունվեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել