ԲՀԿ-ն չմասնակցեց տնտեսական հանձնաժողովի նիստին
10:48 - 25 ապրիլի, 2019

ԲՀԿ-ն չմասնակցեց տնտեսական հանձնաժողովի նիստին

««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ ներկայացնելուց առաջ նախագծի քննարկման համար աշխատանքային խումբ կստեղծվի, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Կձևավորենք աշխատանքային խումբ։ Նախնական կազմում մեր հանձնաժողովի անդամները կլինեն, եթե ցանկություն հայտնեն այլ հանձաժողովներից մասնակցելու, ևս կարող են ընդգրկվել։ Խմբում կլինեն ներկայացուցիչներ նաև գործադիրից՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններից»,- ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Նա ընդգծեց, որ խմբում կընդրկեն նաև ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, տրանսպորտի և շինարարության ոլորտում գործունեություն իրականացնողներին, նաև անկախ տնտեսագետների, հարկ եղած դեպքում էլ՝ աուդիտորների։

«Մեր բանավոր խոսակցությունների ժամանակ գրեթե բոլոր ընկերությունները ցանկություն են հայտնել մեզ հետ համագործակցել», - ասաց Թունյանը՝ նշելով, որ առաջիկա նիստերում կներկայացվեն հանձնաժողովում ընդգրկված մարդկանց կազմը։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց՝ ԲՀԿ-ն կողմնակից է, որպեսզի բովանդակային քննարկում անցկացվի, բայց իրենց խմբակցությունն այդ աշխատանքներին չի մասնակցի՝ ավելացնելով, որ Գագիկ Ծառուկյանն այս հարցում շահագրգիռ անձ չէ։

«Ինչ էլ որոշվի՝ դրա պատասխանատվությունը լինելու է քաղաքական մեծամասնության վրա։ Մենք չենք մասնակցելու քննարկումներին, ինչ էլ կորոշեք՝ մեզ համար ընդունելի կլինի այդ որոշումը», - հայտարարեց Մելքումյանը։

Ի պատասխան Թունյանն ասաց, որ եթե ինչ-որ պահի ԲՀԿ-ն կփոխի կարծիքը, կարող է միանալ աշխատանքային խմբին.

«Կյանքը ցույց կտա, շնորհակալություն, մենք լքում ենք դահլիճը»,- հայտարարեց Մելքումյանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ավելացրեց.

«Քաղաքական մեծամասնությունը կրում է քաղաքական պատասխանտվություն բոլոր հնարավոր հետևանքների համար։ Մենք ըմբռնումով կմոտենանք ձեր կրելիք քաղաքական պատասխանատվությանը»։

Դրանից հետո ԲՀԿ-ական պատգամավորները լքեցին դահլիճը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել