ԲՀԿ-ն և Աբովյանի քաղաքապետերը․ քաղաք՝ կուսակցական շողքի ներքո |fip.am|
13:44 - 10 հունիսի, 2019

ԲՀԿ-ն և Աբովյանի քաղաքապետերը․ քաղաք՝ կուսակցական շողքի ներքո |fip.am|

fip.am: 2008-ից ի վեր Աբովյանի համայնքի ղեկավարի ընտրություններում ԲՀԿ առաջադրած թեկնածուները հաղթանակ են տարել՝ անկախ առաջադրված մյուս թեկնածուների կուսակցական պատկանելիությունից։

Աբովյանի համայնքապետի հունիսի 9-ի ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8453 ձայն։ Նրա հիմնական մրցակիցը համարվող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածու Գրիգոր Գուլյանը, ստանալով 8058 ձայն, երկրորդ տեղում է։

Թեև Վահագն Գևորգյանն ընտրություններում առաջադրվել էր որպես անկուսակցական, սակայն հայտնի է, որ նա վայելում է «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և կուսակցության աջակցությունը։ Վահագն Գևորգյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր և Գագիկ Ծառուկյանի ընկերական հարաբերությունների մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 10-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառանալով ՔՊ թեկնածուի պարտությանը, ասել է․ «Մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն, և եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությունը համացանցում ակտիվ քննարկումների առիթ է դարձել։ Շատերն այս պարտությունը որակում են «խայտառակ», մեկնաբանում են որպես «իշխանության ձախողում» և վարչապետի «վարկանիշի անկման» ապացույց։ Որոշ հատված էլ նշում է, որ Աբովյանում հաղթանակ է գրանցել «հին համակարգը»։

FIP.am-ը ստուգեց, թե մինչ այս Աբովյանի համայնքապետի ընտրություններում ինչպիսի արդյունքներ են գրանցվել։

Աբովյանի համայնքապետի ընտրությունների արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի election.am կայքում ներկայացված են 2005-ից ի վեր Աբովյանում անցկացված համայնքի ղեկավարի թվով 5 ընտրությունների արդյունքները։

2005 թվականին տեղի ունեցած ընտրություններում հաղթել էր անկուսակցական Կարապետ Իսրայելյանը։ Նա եղել էր առաջադրված միակ թեկնածուն։

2008 թվականից վեր Աբովյանում համայնքապետ են ընտրվել ԲՀԿ-ական կամ ԲՀԿ-ի աջակցությունը վայելող թեկնածուներ։

2008 թ. Աբովյանի համայնքապետի ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյան էր։ Նա ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանի որդին է, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան։

2012 թ. ընտրություններում ԲՀԿ-ն կրկին վերաառաջադրել էր Կարապետ Գուլոյանի թեկնածությունը։ Վերջինս անկուսակացական Արտաշես Մեհրաբյանի հետ պայքարում հաղթել էր ու վերանշանակվել համայնքապետի պաշտոնում։

2015 թ. ընտրություններում առաջադրվել էր 5 թեկնածու։ «Բարգավաճ Հայաստանն» իր աջակցությունն էր հայտնել ներկայիս քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանին։ ԲՀԿ-ի սատարած թեկնածուին իր աջակցությունն էր հայտնել նաև այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցությունը։ Արդյունքում՝ 2015 թվականի հունիսի 6-ի ընտրություններում հաղթել էր Վահագն Գևորգյանը։

Վահագն Գևորգյանը 2015-ի համայնքի ղեկավարի ընտրություններում ստացել էր 11 227 ձայն՝ 2774 ձայն ավել, քան երեկ տեղի ունեցած ընտրություններում։

Այսպիսով, առնվազն վերջին տասը տարում Աբովյան քաղաքում հաղթանակ են տարել Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետ փոխկապակցված անձինք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել