ԲՈւՀ-երը մրցակցայնության բարձրացման նպատակով վաղուց պետք է լուծած լինեին գրագողության խնդիրը»․ Հովհաննես Հովհաննիսյան
05:57 - 04 ապրիլի, 2019

ԲՈւՀ-երը մրցակցայնության բարձրացման նպատակով վաղուց պետք է լուծած լինեին գրագողության խնդիրը»․ Հովհաննես Հովհաննիսյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկով նախորդ շաբաթ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Ըստ այս նախագծի՝ արգելվելու է կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի շրջանակում, սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները և այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը։


Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրուցել ենք նախագծի, դրա արդյունավետության ու գրագողության հետ կապված այլ խնդիրների մասին։


-Ինչու՞ որոշվեց փոփոխությունները սկսել հենց «Գովազդի մասին» օրենքից. Չէ՞ որ գովազդն ու գիտական աշխատանքների վաճառքը խնդրի հետևանքների մի մասն են միայն։

-Իրականում սրանով խնդիրն ամբողջական չի լուծվում․ այն առավել խորքային է։ Լուծումը հիմնականում ԲՈւՀ-երի դաշտում է։ ԲՈւՀ-երն իրենց մրցակցայնության բարձրացման նպատակով վաղուց պետք է լուծած լինեին։ Նրանք տարիներ շարունակ այդպիսի խնդիր չեն դրել իրենց առջև, ուղղակի անտեսել են այս հարցը, ինչի արդյունքում այդ տարատեսակ օֆիսները և այդ հակամշակույթը Հայաստանում զարգացում է ապրել։ «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունը նպատակ ուներ նախ այդ գովազդային վահանակները և տարատեսակ երևույթները կանխել, որպեսզի ուսանողները առավել քիչ տեղեկացված լինեն նմանատիպ ծառայությունների մասին։ Բայց այլ՝ առավել մեծ նպատակ ուներ՝ բացել դիսկուրս, քննարկում, որի արդյունքում ԲՈւՀ-երին ևս մեկ անգամ՝ արդեն հրապարակավ, խթանել, որպեսզի լրջորեն մտածեն իրենց համակարգում հակագրագողության գործիքներ ներդնելու մասին։

-Այդ դեպքում ի՞նչ անելիքներ ունեն ԲՈւՀ-երը գրագողությունը կանխելու կամ նվազեցնելու հարցում։

-Ես այդ անելիքներն իրենց վաղուց եմ ասել՝ ԲՈւՀ-երի ռեկտորների հետ հանդիպումների ժամանակ, հստակ մատնանշել եմ նույնիսկ այն ուղին, որով պետք է կարողանան ներդնել դա։ Սկզբնական փուլում նրանք պետք է դնեն էլեկտրոնային կառավարման գործիքներ, որից հետո այդ գործիքների մեջ պետք է ներմուծեն հակապլագիատի գործիքներ։ Օրինակ, եթե ուսանողը որևէ առարկա է անցնում և հանձնարարություն է լինում, հանձնարարությունը դասախոսին ներկայացնում է օնլայն տարբերակով՝ այդ գործիքի մեջ ներբեռնելով իր գրավոր աշխատանքը։ Գործիքն ավտոմատ դուրս է բերում այն կրկնողությունները, որոնք, հնարավոր է, լինեն գրագողության հետևանք։

-Գրագողությունը բացահայտող գործիքները որքանո՞վ կարող են արդյունավետ լինել հայալեզու տեքստերի համար։

Հայալեզու տեքստերի համար այդ նույն գործիքների բազան հնարավոր է ընդլայնել։ Դա մեկ տարվա գործ չէ։ Այդ գործիքները, որ ներդրվելու են, պետք է համահունչ լինեն իրար հետ․ տարբեր տեսակի ալգորիթմներով իրենց մեջ ներբեռնում են ինտերնետում գոյություն ունեցող ողջ հայալեզու բանկը և մի քանի տարի շարունակ, երբ նույն դիպլոմայինները ներբեռնվում են այդ գործիքի մեջ, եթե նույն աշխատանքը հանկարծ կրկնվի, միանգամից գործիքը վեր կհանի, որ այն արդեն իսկ ներկայացված է եղել և գրագողություն է։

Գործիքը պետք է ունենա այդ բազան երկարաժամկետ դառնալու համար, բայց պետք է սկսել ինչ-որ կետից։

-Արդյունքում ի՞նչ կտա այս փոփոխությունը՝ ի՞նչ աստիճանով կարող է նվազեցնել գրագողության մակարդակը. նախնական ուսումնասիրություններ, վերլուծություններ կա՞ն։

-Նախնական նման ուսումնասիրություն հնարավոր չէ անել, իսկ կանխատեսել դժվար է, բայց այն, որ որոշակիորեն կմեղմի ստեղծված իրավիճակը, փաստ է։ Իսկ արդեն հաջորդ փուլում, անկախ նրանից՝ կլինեն քայլեր ԲՈւՀ-երի կողմից, թե՝ ոչ, մենք նախատեսում ենք փոփոխություններ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում․ այդ կազմակերպությունների գործունեությունը որպես արգելված գործունեության տեսակ ճանաչել։

-Բացի թվարկված քայլերից, որո՞նք են գլխավոր անելիքները գրագողությունը կանխելու համար, որոնք կան նաև Ձեր հետագա ծրագրերում։

-Գլխավոր անելիքներից է այն, որ մենք այսօր էլ հանդիպել ենք ինտերնետ դաշտի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք համակարգված գործողություններ անել, որպեսզի մի տեղում չարգելենք, մյուս տեղում աճի և այլն։ Ինձ թվում է՝ մոտակա ժամանակներս ավելի լայն քննարկում կանենք տարատեսակ շահառու մարմինների հետ, որպեսզի հասկանանք, թե էլ ինչ քայլեր է հնարավոր նախաձեռնել այս երևույթը Հայաստանում չեմ ասում բացառելու (որովհետև դժվար է բացառելը), այլ մաքսիմում նվազեցնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել