Բաբաջանյանը հանրաքվեն համարում է հեղափոխությանը չհավատացածների համար մեղքերը քավելու հնարավորություն

 |armenpress.am|
18:09 - 11 փետրվարի, 2020

Բաբաջանյանը հանրաքվեն համարում է հեղափոխությանը չհավատացածների համար մեղքերը քավելու հնարավորություն |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների սպասվող հանրաքվեն մեղքերը քավելու հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ժամանակին չեն հավատացել հեղափոխությանը, դրա անարյուն ընթացքին:Ինչպես Բաբաջանյանն ասաց ԱԺ ելույթների ժամանակ` ինքը ևս օգտվելու է այդ հնարավորությունից:

Նա նախ նշեց` 2018-ի հեղափոխությանը չի հավատացել, որ կարելի է առանց արյուն հեղելու հաղթել: «Առաջիկա հանրաքվեն բոլոր չհավատացողների համար պարտքերը մարելու, մեղքերը քավելու հնարավորություն է: Ես օգտվելու եմ այդ հնարավորությունից: Եվ առաջարկում եմ, որ բոլոր նրանք, որոնք չհավատացին 2 տարի առաջ, օգտվեն այս բացառիկ հնարավորությունից»,-ասաց Բաբաջանյանը:

Նա նշեց` ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն չափազանց կարևոր հանգրվան է  մեր պետության ու հասարակության համար: «Շատերը սահմանադրական հանրաքվեով որոշել են պայքարել անցյալի դեմ: Ես սակայն առաջարկում եմ առաջիկա հանրաքվեն դարձնել ապագային համար մղվող պայքարի կարևոր փուլ, կարևոր հանգրվան: «Այո»-ն թող դառնա մեր բոլորի թերացումներն ու ձախողումները նախկիններով պայմանավորելու վերջին կետն ու վերջին պատճառաբանությունը»,-ասաց պատգամավորն ու նշեց` առաջիկայում երկրում կարևոր միջոցառում է նախատեսված, և այդ միջոցառմանը մասնակցությամբ երկիրը թևակոխելու է պայքարի մի նոր հանգրվան, որը երաշխավորելու է այդ բոլոր պայքարների անարյուն ընթացքը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել